Արմինֆո. Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ դատավճիռը քաղաքական հաշվեհարդար է: Մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է «Ելք՚ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ կեղծ երկրի կեղծ դատական համակարգը կեղծ դատավճիռներ է կայացնում, և այստեղ զարմանալու ոչինչ չկա: Պատգամավորը նաև նշել է, որ այս իրավիճակը հանդուրժելը «Ելք՚ խմբակցության ոճին չի համապատասխանում, և հայտարարել է, որ մտադիր է պայքարել գործող քաղաքական համակարգի դեմ` երկրի բոլոր ոլորտներում առկա իրավիճակը փոխելու նպատակով:
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն, իր հերթին, ԱրմԻնֆո-ի թղթակցի հհետ զրույցում նշել է, որ Հայաստանում չեն եղել և չկան քաղբանտարկյալներ, և դատարանի բոլոր որոշումները բացառապես իրավական բնույթի են: «Այս դեպքում ոչ մի քաղաքական հաշվեհարդարի մասին խոսք չի կարող լինել, այս դատավարությունում երբեք քաղաքական աստառ չի եղել: Հայաստանի դատական իշխանությունը բոլոր որոշումները կայացնում է` հիմնվելով բացառապես գործի նյութերի վրա՚, - ընդգծել է Շարմազանովը:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ հայտարարել է, թե ոչ ոք չի մոռանում Ժիրայր Սեֆիլյանի հերոսական անցյալի մասին, սակայն «տարբեր քաղաքական գործիչներ իրենց կյանքի տարբեր շրջաններում իրենց տարբեր ձևով են դրսևորում՚: Ընդ որում, Վարդանյանը հրաժարվել է որևէ գնահատական տալ իր նախկին կուսակցի նկատմամբ դատավճռին:
Մարտի 20-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով դատավճիռը: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Հիմնադիր խորհրդարանի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է ամենախիստ պատժի՝ 10 տարի 5 ամիս ազատազրկման, Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը` 5 տարի 5 ամսվա ազատազրկման, ակտիվ քաղաքացի, երեք անչափահաս երեխաների հայր Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 6 ամսվա, Արցախյան պատերազմի մասնակիցներ Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանը, դուդուկի ուսուցիչ Գալուստ Գրիգորյանը՝ 3-ական տարվա ազատազրկման: Ինքը` Սեֆիլյանը, դատավարությունը որակել է քաղաքական հաշվեհարդար: Այս գործով դատավարության ընթացքում իրավունքի նորմերի բազմաթիվ խախտումներ են բացահայտել նաև միջազգային փորձագետները: Ի աջակցություն Սեֆիլյանի հանդես են եկել Հայաստանի և Սփյուռքի մի շարք հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև` «Ժառանգություն՚ կուսակցությունը: