Արմինֆո. Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն զգալի չափով կնպաստի ընդհանուր անվտանգությանն ու կայունությանը տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, ՄԱԿ կենտրոնակայանին առընթեր Հայաստանի մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը UN Special ամսագրում հրապարակված հարցազրույցում, որը զուգադիպել է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության, ինչպես նաև Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Քառորդդարյա հայ-շվեյցարական համագործակցության համատեքստում Ազնավուրը նշել է, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն աշխուժացել է Հայաստանում և Շվեյցարիայում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումից հետո, բարձր մակարդակի բազմաթիվ փոխադարձ այցերի և այնպիսի միջազգային հարթակներում փոխգործակցության շնորհիվ, ինչպես` ԵԱՀԿ, ՄԱԿ, Եվրախորհուրդը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը: «Ես նաև շատ ուրախ եմ, որ վեջերս Շվեյցարիան երկու հանդիպում է անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում: Ես կարծում եմ, որ այդ հիմնախնդրի կարգավորումն զգալի չափով կնպաստի ընդհանուր անվտանգությանն ու կայունությանը տարածաշրջանում», - ասել է Ազնավուրը: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ 90-ական թվականներից հենց ԵԱՀԿ Մինսկի խումբն է միջազգային հանրության կողմից օժտված միջնորդական առաքելությամբ` խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու նպատակով: Ազնավուրը նշել է, որ միջնորդությունը կախված է առաջարկությունների փաթեթից, որոնք հիմնված են միջազգային իրավունքի այնպիսի սկզբունքների վրա, ինչպես` ուժի չկիրառումը, ինքնորոշումն ու տարածքային ամբողջականությունը:
«1994-1995 թթ. հրադադարի շուրջ եռակողմ համաձայնագրերը, որոնք ստորագրել են Լեռնային Ղարաբաղը, Հայաստանը և Ադրբեջանը, պետք է լիովին պահպանվեն: Այս առումով կարևոր է Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը, ինչի մասին բազմիցս ընդգծել են միջնորդները: Հուսով եմ, որ հարեւան երկիրը կհամաձայնի եւ չի խոչընդոտի այս մեխանիզմի ներդրմանը: Դա կփրկի 18-ամյա պատանիների և քաղաքացիական անձանց կյանքեր: Համանախագահները նաեւ իշխանություններին կոչ են անում հասարակություններին նախապատրաստել ոչ թե պատերազմի, այլ` խաղաղության: Հուսով եմ, որ նրանց ձայները լսելի կլինեն: Սումգայիթից երեսուն տարի անց միջազգային հանրությունը, այդ թվում` ՄԱԿ-ը, պետք է ավելի զգոն և ուշադիր լինեն հակամարտությունների խաղաղ կարգավորման ձգտումներում, որոնք այլընտրանք չունեն` ի բարօրություն տարածաշրջանում ապրող մարդկանց՚, - նշել է Ազնավուրը:
Իր հարցազրույցում դեսպանը նաև անդրադարձել է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցությանը և նրա նախաձեռնություններին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջիկա գագաթաժողովին Երևանում, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխմանն ուղղված հայկական կողմի ջանքերին: