Արմինֆո.Հայաստանում այժմ քաղաքական բանտարկյալներ չկան և չեն էլ եղել, «Ազատության» հետ զրույցում համոզմունք է հայտնել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Ի պատասխան դիտարկմանը, թե իրավապաշտպանները քաղաքական բանտարկյալների ցուցակ են հրապարակել, Դավիթ Հարությունյանը հակադարձել է, թե տեսել է միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցակներ, որտեղ Նաիրի Հունանյանը նույնպես համարվել է քաղաքական բանտարկյալ:
Նշենք, որ այս շաբաթ ավելի քան տասը տարվա ազատազրկման դատապարտվեց «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։ Որոշ իրավապաշտպաններ ու քաղաքական գործիչներ այս վճիռը որակել են իբրև վրեժխնդրություն՝ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախևառաջ այն բանի համար, որ Սեֆիլյանն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առաջինը բարձրաձայնեց հայկական կողմի տարածքային կորուստների մասին։
Այն հարցին, թե հնարավոր համարում է, որ Սեֆիլյանի դատավճռում իսկապես քաղաքական դրդապատճառ կա՝ հաշվի առնելով նաև այն խիստ պատժաչափը, որ նա ստացավ, Արդարադատության նախարարն ասել է, թե որպես գործադիր իշխանության անդամ և հատկապես որպես Արդարադատության նախարար իրավունք չունի այդ հարցին պատասխանել։
«Ո՞վ է որոշելու պատժաչափը խիստ է, թե՞ ոչ։ Ես կուզենայի, որ այդ հարցին Դուք կարողանայիք ինքներդ անդրադարձ կատարել և պատասխան տալ։ Ըստ իս, երկու մոտեցում կա: Մի մոտեցումը Դուք անձամբ, որպես անձ, որոշում եք, որ այս պատժաչափը խիստ է, և Ձեզ համար Դուք համարում եք, որ այդ անձը քաղբանտարկյալ է, իսկ մյուս պետական համակարգը դա եռաստիճան դատական համակարգն է»,- ասել է արդարադատության նախարարը:
Նրա խոսքով, չկա նման իրավական հասկացություն ինչպես քաղբանտարկյալ, բայց այն, որ ազատազրկման չափը, որպեսզի դրանք համապատասխանեն վարվող քաղաքականությանը՝ պատժողական քաղաքականությանը, հենց դա է նպատակը, որ ստեղծվում է եռաստիճան դատական համակարգ, հակառակ պարագայում եռաստիճան դատական համակարգ չէր լինի և կլիներ ընդամենը մեկ ատյանի դատարան։