Արմինֆո. «Հայաստանը գտնվում է վիզային ռեժիմի ազատականացման ճանապարհին», - ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը մարտի 22-ին, կառավարության նիստից հետո, մեկնաբանելով վարչապետ Կարեն Կարապետյանի դիտողությունն այն մասին, որ այսօր կան մի շարք երկրներ, որոնց հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը սպառնալիք չի պարունակում, բայց դրանց մասին որոշումն ուշանում է:
Ըստ Քոչարյանի, վիզային ռեժիմի պարզեցումը Հայաստանի համար շարունակական գործընթաց է: Ներկայումս, կա երկրների ցանկ, որոնց հետ գործում է առանց վիզայի ռեժիմ, մյուսների հետ`պարզեցված վիզային ռեժիմ, իսկ երրորդ երկրների հետ պահանջվում է վիզա կամ հրավեր: «Մեզ մոտ միտումն ընթանում է վիզային ռեժիմի պարզեցման ուղղությամբ, քանի որ կառավարության որոշումներով պարբերաբար թարմացվում է այն երկրների ցանկը, որոնց հետ Հայաստանը պարզեցնում է ընթացակարգը», - ասել է Քոչարյանը:
Ինչ վերաբերում է ԵՄ հետ վիզային ռեժիմի պարզեցմանը, ապա, ըստ փոխնախարարի, եվրոպացի գործընկերները պատրաստ են ազատականացմանը: Այնուամենայնիվ, ինչպես նշել է Քոչարյանը, այսօր կա որոշակի, լիովին հիմնավոր մտահոգություն, կապված նոր միգրանտների հնարավոր ներհոսքի հետ դեպի ԵՄ: «Վիզաների դյուրացումը սերտորեն կապված է ռեադմիսիայի հետ - ԵՄ-ն շահագրգռված է դրանում, որպեսզի պարզեցումը չհանգեցնի չարաշահման», - պարզաբանել է ՀՀ ԱԳՆ փոխնախարարը: