Արմինֆո. Ներկայումս ակտիվացել է միաբևեռ աշխարհից բազմաբևեռի անցման գործընթացը, և այս պայմաններում ակտիվացել են նաև գլոբալիզացիոն մարտահրավերները, Մայր աթոռ Ս. Էջմիածնում մեկնարկած «Ավանդական արժեքներ, արդի մարտահրավերներ» խորագրով միջազգային երրորդ համաժողովի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի հանրային պալատի ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունների ներդաշնակեցման հանձնաժողովի նախագահ Իոսիվ Դիսկինը:
Ըստ որում, փորձագետ խոստովանել է, որ գլոբալիզացիան իր դրական դերն է խաղացել պետությունների զարգացման որոշակի փուլում՝ խթանելով վերջիններիս տնտեսական բարեկեցությունը: «Սակայն, ներկայիս փուլում «գլոբալիզացիան» անցում է կատարել ազատական արժեքների նոր համակարգի, որոնք տրանսֆորմացվել են «քաղաքացիական կրոնի», ինչը ճնշում է պետականության ազգային և ավանդական հիմքերը»,- նշել է Դիսկինը՝ ընդգծելով, որ ավանդական արժեքների պահպանման ճանապարհով այդ միտմանը դիմակայելու բոլոր փորձերը դրսից մեծ ճնշման են հանդիպում:
Ըստ որում, նա ընդգծել է, որ «գլոբալիզացիայի» գաղափարից բոլորովին հրաժարվելը սխալ կլիներ՝ թեկուզ տնտեսական նպատակահարմարության նկատառումներից ելնելով: «Այդ պատճառով անհրաժեշտ է մշակել գլոբալիզացիայի նոր, օրգանական մոդել, որի նպատակը ոչ թե հեղափոխությունների խթանումը, այլ՝ միջպետական համագործակցությունը կլինի: Ավելին, ավանդույթների վրա հիմնված արդիականացումն ավելի արդյունավետ է, քան՝ լիբերալ արդիականացումը»,-եզրափակել է փորձագետը:
Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գրիգոր Բալասանյանն իր հերթին նշել է, որ ազգային արժեքների և ավանդույթների պահպանման հարցը հատկապես ակտուալ է դարձել ԽՍՀՄ փլուզումից հետո: «Այդ ժամանակ արտաքին ուժերը, տարբեր բարեգործական կազմակերպությունների գործունեության ճանապարհով, նպատակ էին դրել՝ հետխորհրդային տարածությունում ներմուծել օտարածին արժեքներ, պառակտել հանրապետությունների հասարակությունները և այդպիսով խոչընդոտել նախկին ԽՍՀՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին, ինչը շարունակվում է մինչև օրս: Այդ գործընթացները կարելի է բնորոշել՝ որպես քաղաքակրթությունների պայքար: Այդ ուժերին պետք չեն զարգացած հանրապետություններ, անհրաժեշտ են իրենց ապրանքների իրացման շուկաներ»,- ամփոփել է փորձագետը: