Արմինֆո. Գոյություն ունեցող եղանակային պայմանների պահպանման դեպքում Սևանա լճից լրացուցիչ ջրառը, հնարավոր է, գերազանցի անցած տարվա ծավալները: «Մարտի 22-ի դրությամբ Հայաստանի ջրամբարներում հավաքվել է անհրաժեշտ նորմայի շուրջ 39%-ը՝ 2017 թ. 47,2%-ի և 2016 թ. 58%-ի փոխարեն:
Այսինքն՝ ներկայումս ջրամբարների լցվածությունը 19%-ով պակաս է անհրաժեշտ նորմայից»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Հարությունյանի խոսքով, ներկայումս վաղ է խոսել Սևանա լճից ջրի լրացուցիչ բացթողումների ծավալների մասին: «Սակայն, սակավ տեղումներով եղանակային պայմանների պահպանման դեպքում Ջրային տնտեսության պետական կոմիտեն ստիպված կլինի դիմել Ազգային ժողովին՝ Սևանա լճից լրացուցիչ ջրառի թույլտվություն ստանալու համար»,- հայտարարել է նա:
Միաժամանակ Ջրային տնտեսության կոմիտեն մտածել է նաև «Պլան Բ»՝ հնարավոր ֆորս-մաժորային հանգամանքների դեպքում: Մասնավորապես՝ նախատեսվում է վերականգնել և հորատել լրացուցիչ խորքային հորեր: Այսպես՝ Արմավիրի մարզում 14 խորքային հորի վերականգնման և ևս 23 հորի հորատման համար, նախնական գնահատմամբ, կուղղվի 1 մլրդ դրամ: Եվս 200 մլն դրամ կհատկացվի 20 շարժական ջրհան կայանի ձեռքբերման նպատակով: Միջոցները կուղղվեն կառավարության պահուստային ֆոնդից:
Նշենք, որ այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարեպետյանը մի շարք հանձնարարականներ է տվել՝ կապված ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների հետ: «Կառավարությունում կազմակերպված խորհրդակցության ընթացքում ջրային տնեսության պետական կոմիտեն ներկայացրել է ջրամբարների լցվածության տվյալները և 2018 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները։ Քննարկվել են նաև ըստ մարզերի ոռոգման պայմանները և առաջնահերթությունները»,- նշել է Կարեն Կարապետյանը։ Հաշվի առնելով, որ ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ոռոգման ջրամատակարարման տեսանկյունից՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին 7-օրյա ժամկետում շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակել և ֆինանսների նախարարություն ներկայացնել՝ շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռքբերման, չշահագործվող խորքային հորերի վերականգման, ինչպես նաև նորերի հորատման նախագծային աշխատանքների ֆինանսական հաշվարկները՝ հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի պահանջարկի ապահովումը։ Վարչապետը հանձնարարել է նաև ֆինանսների, տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության նախարարներին՝ նախատեսված փաթեթը ստանալուց հետո, 10-օրյա ժամկետում, ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ նախաձեռնել համապատասխան գնումների և աշխատանքների մեկնարկման գործընթացը և դրանք ավարտին հասցնել մինչև ապրիլի 16-ը։ Միաժամանակ կապահովվի օրենքով սահմանված շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության կատարումը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։ Գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ու մարզպետները 3-ամսյա ժամկետում կամփոփեն ջրային ոլորտում առկա ներդրումային ծրագրերը, կորոշեն 2019 թվականի առաջնահերթությունները և համապատասխան առաջարկություններ կներկայացնեն կառավարության աշխատակազմ։ Հանձնարարվել է նաև ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորումն այսուհետ սկսել աշուն-ձմեռ ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը 2017 թ. հուլիսի 17-ին հավանություն էր տվել Սևանա լճից ջրի բացթողումների ծավալները170 մլն խմ-ից մինչև 270 մլն խմ ավելացնելու վերաբերյալ: Ջրի բացթողումների ավելացման համար հիմք է ծառայել այն փաստը, որ Ապարանի և Ազատի ջրամբարների լցվածությունը 17 մլն խմ-ով ավելի պակաս է, քան նախորդ տարի, իսկ Հրազդան գետի լցվածությունը՝ 40 մլն խմ-ով ավելի պակաս: Բացի այդ, 105 մլն խմ-ով ավելի պակաս է Ախուրյանի ջրամբարի լցվածությունը: