Արմինֆո. էկոլոգ, ջրային ռեսուրսների մասնագետ Քնարիկ Հովհաննիսյանը մտահոգված է երկրի ջրային ռեսուրսների վիճակով: Մարտի 22-ին «Նոյյան տապան՚ մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսում, որը զուգադիպել էր Ջրային ռեսուրսների համաշխարհային օրվան, էկոլոգը հայտարարել է, որ երկրի ջրամբարների վիճակը լուրջ մտահոգություն է հարուցում:
«Վերջին ժամանակները մենք հաճախ ենք լսում բողոքներ այն մասին, որ ջրամբարները չեն համալրվում: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք անմխիթար վիճակում են: Նախկինում, ես հիշում եմ, ամեն տարի իրականացվում էր ջրամբարների տղմոտում, ինչը նպաստում էր կորուստների նվազմանը, իսկ այսօր դա չի արվում՚, - ասել է էկոլոգը: Եվ այդ համատեքստում նա հավելել է, որ ջրամբարների վիճակն ու ջրի մաքրությունը երկրում վատթարանում է, այդ թվում` հանրապետությունում բավականին ակտիվորեն զարգացող լեռնահանքային արդյունաբերության պատճառով:
Էկոլոգի համոզմամբ, շրջակա միջավայրին և ջրային ռեսուրսներին ոչ պակաս վնաս են պատճառում ձկնաբուծական տնտեսությունները: «Դժբախտաբար, Հայաստանի կառավարությունը հարկ եղած քայլեր չի ձեռնարկում ձկնաբուծական տնտեսությունների հասցրած վնասի հետևանքները մեղմելու նպատակով: Ջրավազաններում չեն տեղադրվում զտիչ կառուցվածքներ, արդյունքում` ջրային ռեսուրսներն աղտոտվում են: Ինչպես գիտենք, լուրջ վնաս է պատճառվել երկրի արտեզյան ջրերի պաշարներին, և դրանց հետագա օգտագործումը կարող է հանգեցնել շրջակա միջավայրի համար անդառնալի հետևանքների: Ոչ պակաս մտահոգություն են հարուցում Սևանա լճից ջրառները: Հայաստանի կառավարությունն ամեն տարի խնդրում է ավելացնել ջրառները, դա հիմնավորելով ոռոգման ջրի դեֆիցիտով, իսկ իրականում Սևանի ջրի միայն մոտ 25 տոկոսն է հասնում ֆերմերներին, մնացած 70 տոկոսը կորում է՚, - ասել է Հովհաննիսյանը:
Նա նաև փաստել է, որ անմխիթար վիճակում են նաև Հայաստանի շատ գետերի ջրերը: Էկոլոգի ասելով, օրինակ, Սյունիքի մարզի գետերի ջրերի աղտոտման աստիճանը կազմում է 5, ինչը խոսում է դրանց ոչ պիտանիության մասին` ոչ միայն խմելու, այլև ոռոգման հնամար, սակայն, մարդիկ, ստիպված են այն օգտագործել: Տվյալ դեպքում խնդրի լուծումը, էկոլոգի համոզմամբ, այդ ոլորտի խնդիրներին պետության պատշաճ ուշադրության անհրաժեշտությունն է և ֆինանսական միջոցների հատկացումն առկա խնդիրների վերացման համար:
Ամեն տարի մարտի 22-ին նշվում է Ջրային ռեսուրսների համաշխարհային օրը: Այդ գաղափարն առաջին անգամ ներկայացվել է ՄԱԿ շրջակա միջավայրի և զարգացման խորհրդաժողովում` 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում: ՄԱԿ խորհրդաժողովի հանձնարարականներին համապատասխան, Ջրային ռեսուրսների համաշխարհային օրն սկսել են նշել 1993 թվականից: Պետություններին կոչ է արվել այդ օրը նվիրել ՄԱԿ հանձնարարականների կատարմանն ու ազգային մակարդակով որոշակի գործողությունների անցկացմանը: