Արմինֆո.ԱԺ նախկին պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն ընտրվել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ:
Դա հայտնի է դարձել մարտի 21-ին խորհրդարանում կայացած գաղտնի քվեարկության արդյունքների ամփոփումից հետո: Հրայր Թովմասյանի թեկնածությունը պաշտպանել է 64 պատգամավոր, դեմ է արտահայտվել 27-ը, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Հրայր Թովմասյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը:
Հրայր Թովմամսյանը ծնվել է 1970 թվականին Արարատի մարզի Դարակերտ գյուղում: Հայոց բանակում ծառայությունից հետո ստացել է իրավաբանական կրթություն, իրավաբանական գիտությունների թեկնածու է: 1996-2001 թթ. Տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ սահմանադրական դատարանի իրավաբանական խորհրդատվությունների ծառայությունում: Որպես իրավաբան հանդես է եկել տարբեր միջազգային ծրագրերում: 2001 թ. ապրիրլ-օգոստոս ամիսներին զբաղեցրել է բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 2010-2013 թթ.` ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը: 2013 թվականից եղել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ: 2014-2017թթ.` ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղար-ղեկավար: 2017թ. ապրիլին ընտրվել է ԱԺ պատգամավոր` ՀՀԿ ցուցակով: Պարգևատրվել է «Մխիթար Գոշ՚ (2013թ.) և «Հայրենիքի առջև ծառայությունների համար՚ (2016թ.) շքանշաններով: Տասնյակ գիտական հոդվածների և ձեռնարկների հեղինակ է: Ամուսնացած է, ուրի երեք զավակ: