Արմինֆո. «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը համոզված է, որ ԱՄՆ-ին ձեռնտու է իրավիճակի սրացումը Հարավային Կովկասում:
Փորձագետը պատահական չի համարում ղարաբաղյան հակամարտութան գոտում իրավիճակի հնարավոր սրման մասին Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության կանխատեսումը: «Եթե նրանք ինչ-որ բան կանխատեսում են, այնուհետ ամեն բան անում են՝ դրա գործնական իրականացումն ապահովելու նպատակով»,- ասել է Հարությունյանը և այդ համատեքստում ավելացրել, որ ԱՄՆ այդ գործողություններն ուղղված են ոչ թե Հայաստանի, այլ՝ Ռուսաստանի դեմ
Հարությունյանը գտնում է, որ կովկասյան տարածաշրջանում լարվածության երրորդ օջախի ստեղծումը լրջորեն կթուլացնի Ռուսաստանին: «Այդ տեսակետից 2016 թ. ապրիլյան պատերազմը պատահական չէր, և դրանում ամենից շատ շահագրգռված էին Թուրքիան և ԱՄՆ-ը»,- ասել է փորձագետը մարտի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսն ընթացիկ տարվա փետրվարին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հետախուզության հատուկ կոմիտեում լսումների ժամանակ նախազգուշացրել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը 2018 թվականին կարող է վերաճել ծավալուն ռազմական հակամարտության: «Վիճահարույց Լեռնային Ղարաբաղի շրջանի պատճառով լարվածությունը կարող է վերաճել լայնածավալ ռազմական դիմակայության Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչի մեջ կարող է ներքաշվել Ռուսաստանը` իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու նպատակով: Երկու կողմերի փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը, հասարակությունների (անդրկովկասյան երկու հանրապետություններում) ներսում աճող ճշումը, Ադրբեջանի հաստատուն ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից նոր ռուսական սարքավորումների ձռք բերումն ամրապնդում են 2018 թվականին լայնածավալ մարտական գործողությունների վտանգը՚, -ասել էր Քոութսը: