Արմինֆո. Բոլորին հայտնի է պարզ ճշմարտությունը. «Բռնիր գողին՚ բոլորից բարձր գոռում է հենց գողը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանում բարգավաճում է կոռուպցիան, կաշառակերությունը, ինֆլյացիայի բարձր մակարդակը և միգրացիան:
Քոչարյանը նշել է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե նախագահ Ալիևը ուշադրություն դարձներ իր երկրում տիրող խնդիրներին` նույն կոռուպցիային, կաշառակերությանը և այլն:Ինչ վերաբերում է Արցախի և Հայաստանի նկատմամբ Ալիևի տարածքային նկրտումներին, ապա փոխարտգործնախարարն ընդգծել է, որ նման հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են, որ Ադրբեջանն արհեստականորեն ստեղծված պետություն է և ոչ մի պատկերացում չունի անգամ սեփական պատմության մասին, ուստի հավակնում է հարևան պետությունների պատմության և տարածքի «սեփականաշնորհման՚: «Նաև անհրաժեշտ եմ համարում նշել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Այն Խորհրդային Ադրբեջանին է միացվել Ստալինի կամայական որոշմամբ՚, - ընդգծել է Քոչարյանը:
Անդրադառնալով Ալիևի այն հայտարարություններին, թե Արցախի հարցում միջազգային հանրությունը պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը, Քոչարյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գլխավոր և միջազգանյորեն ճանաչված ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է:«Հենց այդ ձևաչափն է ընդունում ՄԱԿ-ը. ավելին, այդ ձևաչափում գործարկված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի 3 մշտական անդամներ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Ադրբեջանի օգտին հայտարարություններ չենարել: Բոլոր «միջազգային՚ որոշումները, որոնց հղում է կատարում Ալիևը, ընդունել են Իսլամական կոնֆերանսը և այլ նման կազմակերպություններ` հանրահայտ կոռուպցիոն գործարքների ճանապարհով: Հասկանալի է, որ նման կազմակերպությունները ոչ մի կշիռ չունեն, դրանք Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվում են բացառապես արդարացման և երկրի ներսում քարոզչության համար՚, - եզրափակել է Քոչարյանը:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Նովրուզի տոնակատարությանն իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ նշել է, որ Հայաստանում բարգավաճում են կոռուպցիան, կաշառակերությունը, ինֆլյացիայի բարձր մակարդակը և միգրացիան: Ալիևը նաև նշել է, թե Հայաստանի այսօրվա տարածքը «պատմական ադրբեջանական հող է՚: Ալիևը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը «ադրբեջանական հին տարածք է, և բոլոր առաջատար միջազգային կազմակերպությունները Ադրբեջանի դիրքորոշումն են պաշտպանում՚ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: