Արմինֆո. «Հայաստանում ծնելիության նվազման գործընթացն անխուսափելի երևույթ է»,-մարտի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Նրա խոսքով, ծնելիության նվազման գործընթացը Հայաստանում շարունակվում է: «Երբ 2003-2004 թթ. սկսվեց ծնելիության որոշակի աճ, ոչ մասնագետները եկան եզրակացության, որ մեզ հաջողվեց հաղթահարել ծնված երեխաների քանակի նվազող միտումը: Բայց դա պայմանավորված էր ժողովրդագրական ալիքով՝ 80-ական թթ. վերջին ծնված սերնդի վերարտադրության արդյունքով»,- նշել է նա: Ժողովրդագիրը բացատրել է, որ ծնելիության ցուցանիշը 86 թվականին կազմել է շուրջ 81 հազար երեխա, ինչի շնորհիվ էլ հաջողվել է ապահովել բնակչության նման աճ: 90 թվականին նորածինների թիվը կազմել է 79.9 հազար, իսկ ահա 2002 թ՝ 32 հազար: «Եվ այսօր հենց այդ սերունդն է ծնող դառնում»,- ընդգծել է նա:
Միաժամանակ ժողովրդագիրը նշել է, որ այսօր ծնելիությունը գերազանցում է մահացությանը 12 հազարով, բայց դա, ըստ Եգանյանի, ժամանակավոր երևույթ է: «Առաջիկա տարներիներին իրավիճակը կվատթարանա, և բնակության բնական աճը կդանդաղի»,- ասել է փորձագետը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թվականին Հայաստանում ծնվել է 37.7 հազար երեխա, ինչը ցածր է տարեկան ցուցանիշից 7,1%-ով: Ըստ որում, մահացածների թիվը կրճատվել է 3%-ով՝ մինչև 27.4 հազար: ՀՀ բնակչության բնական աճը կազմել է 10.3 հազար քաղաքացի՝ 16,4% տարեկան անկումով: