Արմինֆո. Պաշտպանության նախարարությունը խոշորագույն սպառող և մեծածավալ գնումներ իրականացնող մարմին է: Այդ մասին ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
«Գնումների գործընթացում պետք է հասնել առավելագույն թափանցիկության, ազատ և արդար մրցակցության: Ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացումը պետք է ապահովվի պատասխանատու ստորաբաժանումների կողմից ճիշտ տեխնիկական բնութագրեր կազմելու միջոցով: Գնումներ իրականացնելիս պետք է հնարավորինս խուսափել միջնորդ կազմակերպությունների ծառայություններից, ինչպես նաև բացառել մրցույթների կազմակերպիչների և մասնակիցների կողմից տարբեր տեսակի անօրինական գործողությունները, այսպես ասած՝ հնարամտությունները:
Ամեն մի դրամի կորուստ կամ չարաշահում ուղիղ հարված է ոչ միայն բանակի հեղինակությանը, այլև մարտունակությանը: Կոռուպցիայի դեմ հետևողական և անհանդուրժողական պայքարն այսուհետ պետք է լինի ձեր ծառայության անբաժանելի մասը: Այս գործընթացը երբևէ հնարավոր կլինի հարյուր տոկոսով վերահսկել, եթե յուրաքանչյուր զինծառայող հոգու խորքում ունենա մի յուրատեսակ «տաբուե՝ բանակի և պետության միջոցների յուրացումն աններելի է, դավաճանությանը հավասար հանցագործություն է: Ուզում եմ, որպեսզի մեկ անգամ ևս բոլորի համար շատ հստակ լինի՝ մեր զինվորների, կրտսեր սպայակազմի կողմից անվստահությունը ղեկավար կազմի և ընդհանրապես մեր բանակի և պետության հանդեպ առաջին հերթին դրսևորվում է հենց կոռուպցիոն երևույթներով: Սա բոլորիս համար պետք է շատ հասկանալի լինի: Բայց հասկանալի լինելը շատ քիչ է, բոլորս պետք է պայքարենք այս երևույթի դեմ: Սա դարձել է չարիք՝ չարիք պետության համար, չարիք բանակի համար»,- ասել է Սարգսյանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ