Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին այցելել է Վաշինգտոնի Սուրբ Մարիամ եւ Սուրբ Խաչ հայկական եկեղեցիներ, ներկա գտնվել այնտեղ մատուցված սուրբ պատարագներին, հանդիպում ունեցել ծխական խորհրդի եւ տեղի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ:
Ջերմ ու անմիջական մթնոլորտում արծարծվել են մեր հանրապետության զարգացմանը, Արցախ-Սփյուռք կապերին եւ մի շարք այլ ոլորտների առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է վաշինգտոնահայ համայնքի դերն ու նշանակությունը Սփյուռքում՝ երախտագիտություն հայտնելով Արցախին մշտապես սատարելու համար:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, մարտի 17-ին նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոն քաղաքում մասնակցել է համայնքային ընդունելությանը՝ ի պատիվ Արցախի Հանրապետության պատվիրակության: Ողջույնի իր խոսքում նախագահ Սահակյանը նշել է, որ ամերիկահայ համայնքը մեծ աշխատանք է կատարում՝ ուղղված Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Արցախի ու Հայաստանի կապերի զարգացմանը, փոխգործակցության ընդլայնմանը, բարեկամության ամրապնդմանը՝ հավելելով, որ նրա անմիջական մասնակցությամբ տարիներ շարունակ Արցախում կյանքի են կոչվել սոցիալ-տնտեսական, մարդասիրական բնույթի ռազմավարական բազմաթիվ ծրագրեր: <<Ամերիկահայ համայնքը եւ ամերիկացի մեր բարեկամները ակտիվորեն ներգրավված են Արցախի միջազգային ճանաչման, մեր երկիրը ԱՄՆ-ում եւ արտաքին աշխարհում ներկայացնելու ու ճշմարտացի տեղեկություններ հաղորդելու գործում: Այդ ամենը արժանի է ամենաբարձր գնահատանքի>>, - ընդգծել է իր ելույթում նախագահ Սահակյանը: Ելույթից հետո նախագահը Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, մեր երկրին մշտապես սատարելու համար պետական բարձր պարգեւներ է հանձնել հայկական մի շարք կազմակերպությունների ու դրանց ներկայացուցիչներին: