Արմինֆո. Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն այսօր հրաժարվել է պաշտպանական խոսքի հնարավորթյուն տալ Սեֆիլյանին՝ դա պատճառաբանելով դատարանի հանդեպ վերջինիս անհարգալից վերաբերմունքով: Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանական խոսքն ընթերցել է նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը:
Սեֆիյանի պաշտպանական խոսքում դատավարությունը որակվում է ֆարս, հաշվեհարդարի փորձ, թատերական բեմադրություն: Նաեւ հաղորդվում է Սեֆիլյանի նկատմամբ իրավապահների կողմից մշտական ճնշման մասին: Սեֆիլյանն ընդգծում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
«Դեռ ազատության մեջ գտնվելիս ինձ բազմիցս սպառնացել են հաշվեհարդարով՝ պահանջելով դադարեցնել իմ գործունեությունը: Մեկ անգամ ինձ մոտ էր եկել իրեն ռազմական փորձագետ համարող Հայկ Նահապետյանը եւ փոխանցել էր «ռուսական կողմի» ուղերձը, պահանջելով դադարեցնել իմ պայքարը՝ հակառակ դեպքում սպառնալով իմ նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարով: 2016 թվականին Քննչական կոմիտեի քննիչը նույնպես ինձանից պահանջել է դադարեցնել քաղաքական պայքարս՝ նույնպես սպառնալով հաշվեհարդարով», - գրել է Սեֆիլյանն իր հայտարարությունոււմ:
Ընդ որում, նա ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր, իրեն հետապնդել են, եւ դրա բոլոր պատվիրատուները մի գեղեցիկ օր կանգնելու են «հայկական Նյուրնբերգի» առջեւ՝ պետական դավաճանության, կոռումպացվածության եւ իշխանության բռնազավթման համար: