Արմինֆո.Հայ-թուրքական արձանագրությունները ձեռնտու էին ավելի շատ Հայաստանին, քան Թուրքիային, համոզված է Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեթ Յըլդըզը` լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի կողմից ցյուրիխյան արձանագրությունների չեղարկումը: Նա, մասնավորապես, հայտարարել է. «Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված ցյուրիխյան արձանագրություններն ուժի մեջ չէին մտել, հայկական կողմի նման քայլն ընտրությունների նախաշեմին տհաճ էր:
Իրենց գործն է: Միևնույն է այդ բոլոր տարիներին նրանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ցանկություն չեն դրսևորում: Այդպիսով նրանք ևս մեկ անգամ ցուցադրում են իրենց դիրքորոշումը: Մենք, առաջն հերթին, ցանկանում ենք, որպեսզի նրանք իրենց զորքերը դուրս բերեն ադրբեջանական տարածքներից: Դա հակամարտության լուծման բանալին էր: Բայց նրանք չցանկացան՚, - եզրափակել է թուրք դիվանագետը, հաղորդում է ԱՊԱ-ն:
Հիշեցնենք, որ 2018 թ. մարտի 1-ին նախագահ Սերժ Սարգսյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին: 2017 թվականի երկրորդ կեսին ՀՀ նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել էր, 2018- ի գարունը Հայաստանը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների, քանի որ այդ ուղղությամբ բացակայում է որևէ դրական տեղաշարժը:
Նշենք, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Սակայն, արձանագրությունները չվավերացվեցին Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից, քանի որ Անկարան անընդհատ նախապայմաններ էր առաջադրում: Այս կապակցությամբ Հայաստանի խորհրդարանում արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ: Եվ 2015 թ. փետրվարին դրանք հանվեցին խորհրդարանից: