Արմինֆո. Ադրբեջանի նախագահի հասարակաքաղաքական հարցերի գծով օգնական Ալի Գասանովը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է բանակցային գործընթացը ձգձգելու և Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոն երկարաձգելու փորձի համար:
«Որոշ միջազգային կազմակերպություններ կարծում են, թե հակամարտությունը պետք է լուծեն երկու կողմերը, իսկ իրենք այդ գործում պետք է երաշխավորեն, որպեսզի ստացված համաձայնագիրը չխախտվի: Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի օգտին հակամարտության լուծում է համարվում տարածքային ամբողջականության ապահովումն ու այդ տարածքների նկատմամբ ինքնիշխան պետության իրավունքի ճանաչումը, իսկ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար` դա Լեռնային Ղարաբաղի անջատումն է Ադրբեջանից, ապա այդ դեպքում առայժմ ոչ մի փորձագետ չի կարող որոշել, թե որն է փոխզիջումն այդ հակամարտության կարգավորման գործում: Հայաստանի պաշտոնական անձինք, մտածելով, որ համաշխարհային հանրությունը երկակի ստանդարտներ է կիրառում հակամարտության նկատմամբ, ձգձգում են բանակցկային գործընթացը և փորձում երկարաձգել գոյություն ունեցող ստատուս-քվոն՚, - ասել է նա Բաքվի 6-րդ գլոբալ համաժողովի շրջանակում «Մեծամասնությունն ընդդեմ փոքրամասնության՚ թեմային նվիրված քննարկման ժամանակ իր ելույթում:
Ընդ որում, Գասանովը հավաստիացրել է, որ միջազգային կառույցները լիովին պաշտպանում են ադրբեջանական դիրքորոշումը, սակայն, չնայած այդ հանգամանքին, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն և այլ միջազգային կազմակերպություններ զգուշանում են միանշանակ պախարակել Հայաստանին և ազդեցության միջազգային մեխանիզմների օգնությամբ նրան ստիպել կատարել ՄԱԿ բանաձևերը: ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն, այդ թվում` հաշտության գործընթացում ներգրավված Մինսկի խմբի համանախագահները, լավագույն դեպքում, ձգտում են ընթանալ երկու կողմերի միջև փոխզիջում որոնելու և շփման ընդհանուր կետեր գտնելու ճանապարհով, ինչը, գործնականում, երկարաձգում է ստատուս-քվոն արդեն մի քանի տարի՚, - ասել է Գասանովը: Ընդ որում, նա չի հապաղել հերթական անգամ Հայաստանին մեղադրել անզիջողականության համար` Մինսկի խմբի շրջանակում անցկացվող բանակցություններում: Իսկ խմբի անդամ երկրները, Գասանովի ասելով, չեն կարող միասնական դիրքորոշում հայտնել խնդրի նկատմամբ, ինչի արդյունքում հակամարտությունը մնում է սառեցված: Միևնույն ժամանակ, նա հավաստիացրել է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից ազգային փոքրամասնությունների ինքնորոշումը չի կարող իրացվել այլ պետությունների տարածքային ամբողջականության խախտման ձևով: «Հարկավոր է հաշվի առնել, որ Լեռնային Ղարաբաղի հայերն` այնպես, ինչպես հայերն այլ երկրներում, Ադրբեջանի ազգային փոքրամասնություններից մեկն են, և նրանց տարածքային նկրտումները հակասում են միջազգային իրավունքին: Այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է. ադրբեջանցիները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ, իրենց հարազատ հողեր, հայերն այնտեղ պետք է ապրեն նրանց հետ միասին՚, - եզրափակել է Գասանովը: