Արմինֆո.ԱԺ փոխխոսնակ , ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը պատասխանել է նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հանդիպման ընթացքում հնչեցված Անկարայի և Բաքվի տարածքային նկրտումներին: Շարմազանովը լրագրողների հետ զրույցում վերստին ընդգծել է, որ Թուրքիան իր սուբյեկտիվ դիրքորոշման պատճառով չի կարող որևէ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
Ինչ վերաբերում է Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքները վերադարձնելու մասին Ալիևի ու Յըլդըրըմի հերթական հայտարարությանը, Շարմազանովը նշել է. «Մենք վերադարձնելու ոչինչ չունենք: Նրանք պետք է վերադարձնեն: Ներկայում Ադրբեջանի օկուպացման տակ են հայկական Գետաշենը, Շահումյանը և Մարտունաշենը: Թուրքիան, ընդհանրապես, օկուպացրել է ԵՄ անդամ պետության մի մասը (Հյուսիսային Կիպրոսի տարածքը), և դա այդ երկրի կողմից օկուպացված տարածքների ողջ սպեկտրը չէ՚:
Պատասխանելով Ալիևի այն հայտարարությանը, թե միջազգային հանրությունը պատժամիջոցներ պետք է կիրառի Հայաստանի նկատմամբ «տարածքների օկուպացման առնչությամբ՚, փոխխոսնակը նշել է, որ եթե պետք է պատժամիջոցներ կիրառվեն, ապա` Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ` որպես ագրեսոր երկրներ:
Նախօրեին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, մասնավորապես, հայտարարել էր. «Անկարան պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման նկատմամբ Բաքվի դիրքորոշումը: Հայաաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը: Շատ միջազգային կազմակերպություններ ոչինչ չեն անում Ադրբեջանի նկատմամբ անարդարությունը վերացնելու համար` սահմանափակվելով տարածքների օկուպացումը վերացնելու անհրաժեշտության մասին խոսքերով: Համոզված եմ, որ վաղ թե ուշ արդարությունը կհաղթանակի, իսկ նրանք, ովքեր կանգնած են դրա հետևում, այսպես թե այնպես արժանի պատիժ կկրեն՚, - ասել էր վարչապետը: Նա նաև հավաստիացրել է, որ եթե Ադրբեջանին սպառնան, ապա անհապաղ պատասխան կտրվի: Անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի Վաշինգտոն այցին` Յըլդըրըմն ասել էր, թե «ԱՄՆ-ն, Լեռնային Ղարաբաղի հայերին պագևատրելու փոխարեն, պետք է ամեն ինչ անի, որպեսզի նրանք պատասխան տան մարդկության դեմ հանցագործությունների համար՚: