Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի վարկային բաժնի ղեկավար Անդրանիկ Մկրտչյանը և Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Ռոստոմ Բադալյանն այսօր ստորագրել են եռակողմ հուշագիր «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակներում համագործակցության վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, «Կոնվերս բանկը վեցերորդ ֆինանսական կառույցն է, որը միացավ այս ծրագրին: Ծրագրի իրականացման ընթացքում տրամադրվել են 1534 միավոր վարկեր 6,9 մլրդ դրամի չափով», – նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Փոխնախարարը նաև հավելել է, որ ծրագրի շրջանակում պոտենցիալ շահառուների համար Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում կազմկերպվել է շուրջ 224 դասընթաց, ավելի քան 5300 մասնակիցների տրամադրվել են հավաստագրեր:
Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Ռոստոմ Բադալյանի խոսքով` հուշագրի ստորագրումը մանր գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռի արտոնյալ պայմաններով ձեռք բերել գյուղտեխնիկա, որը կնպաստի գյուղատնտեսության հետագա զարգացմանը: «Պահանջարկ կա, մենք արդեն իսկ ունենք համապատասխան ազդակներ մանր գյուղացիական տնտեսությունների կողմից», - նշել է նա:
Անդրադառնալով ծրագրի կարևորությանը` Անդրանիկ Մկրտչյանն իր հերթին ընդգծել է, որ ցածր տոկոսադրույքը թույլ կտա ծրագրի շահառուներին գյուղատնտեսության ոլորտում ծավալել առավել արդյունավետ գործունեություն:
Գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով շահառուներին տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է 3%: Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում և ստանան հավաստագիր, ինչն էլ իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին:
Մինչ օրս նշված ծրագրի շրջանակում համագործակցության հուշագրեր են ստորագրվել նաև «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ», «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա», «ՔԱՐԴ Ագրո-Կրեդիտ ՈՒՎԿ», «Կամուրջ ՈՒՎԿ» ՓԲԸ-ների և «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ հետ:
Մանրամասները՝ կից տեսանյութում`https://www.youtube.com/watch?v=reSIEpwX-Yw&t=0s
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, գյուղատնտեսական վարկերի ծավալը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հասել է 160.3 մլրդ դրամի կամ 331.1 մլն դոլարի`տարեկան աճը`6.3%: Գյուղատնտեսական վարկավորման մշտական առաջատարն է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, ընդգրկելով ընդհանուր ծավալի 47.4% -ը (կամ 76.024 մլրդ դրամ): Կոնվերս բանկն ագրովարկավորման ծավալով զբաղեցնում է 5-րդ տեղը`7.012 մլրդ դրամ, կազմելով ոլորտի ընդհանուր վարկավորման 4.4% -ը: Ագրովարկերի տարեկան աճով Կոնվերս Բանկն զբաղեցնում է երրորդ տեղը`51.7%: (2017 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ դրամի հաշվարկային փոխարժեքը կազմել է 484.10 դրամ / $ 1):