Արմինֆո. Մեծ Բրիտանիան շարունակում է վճռականորեն աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և «մադրիդյան սկզբունքների» հիման վրա, համոզված է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը՝ ելույթ ունենալով «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները. տեղական և միջազգային տեսակետներ» միջազգային գիտաժողովի ժամանակ, որը կազմակերպել է Կովկասի ինստիտուտը ՝ բրիտանական Հակամարտությունների, կայունության ու անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Օքսֆորդի միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Նիք Մաքֆարլեյն իր հերթին համոզմունք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը ստեղծել և հետևողականորեն խթանում են հակամարտող կողմերի իշխանությունները: Ըստ նրա, իրավիճակի փոփոխությունը հնարավոր կդառնա բացառապես Հայաստանում և Ադրբեջանում ներքին քաղաքականության շեշտադրումները՝ ղարաբաղյան հակամարտությունից դեպի սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարում և աղքատության դեմ պայքար փոխելու դեպքում: Սակայն, դրա համար, ըստ Մաքֆարլեյնի, ժամանակ է պահանջվում: