Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման քննարկվում է մեր մի շարք գործընկերների հետ: Այս մասին մարտի 15-ին Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննրակում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման քննարկվում է մի շարք գործընկերների հետ. խոսքը վերաբերում է թե համանախագահներին, թե տարածաշրջանի երկրներին։ Դա նորմալ է եւ հանդիսանում է դիվանագիտական աշխատանքի մաս»,– հայտարարել է Զախարովան։
Մեկնաբանելով փետրվարի 22-ին Մոսկվայում «Ազատ Արցախ. 30 տարի՚ թեմային նվիրված կլոր սեղանին առնչվող հարցին, որին մասնակցել էր Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Ադրիյանը, ինչպես նաև ռուս-արցախյան բարեկամության միության ստեղծումը Ռուսաստանում, Զախարովան, մասնավորապես, ասել է. «Մոսկվայում Արցախի Հանրապետության ոչ մի ներկայացուցչություն գոյություն չունի, ինչպես ձևակերպված է հարցում: Իմ ունեցած տեղեկությունների համաձայն, Ադրիյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական է: Համենայն դեպս, Ռուսաստանի ԱԳՆ-ում նա հավատարմագրված է հենց որպես այդպիսին: Իսկ ռուս-արցախյան բարեկամության միության ստեղծման հարցի մեկնաբանումն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ Ռուսաստանում գործում են տարբեր հասարակական կազմակերպություններ: Ամենագլխավորն այն է, որպեսզի այդ կառույցների գործունեությունը չհակասի ՌԴ օրենսդրությանը՚, - նշել է նա:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը չի մեկնաբանել նաև Արցախի նախագահի ԱՄՆ այցը, համոզմունք հայտնելով, որ այդ իրավիճակին առնչվող բոլոր գնահատականները հարկավոր է ուղղել Պետդեպարտամենտին: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ապագայում սպասվում է Բակո Սահակյանի այց Մոսկվա, նա ասել է. «Ես նման հանդիպումների մասին տեղեկություն չունեմ, կարող եմ միայն ճշտել: Սակայն, կցանկանայի ասել, որ մենք հավատարիմ ենք գոյություն ունեցող համաձայնագրերի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ստանձնած մեր բոլոր պարտավորություններին եւ փորձում ենք ակտիվորեն աջակցել այդ շատ բարդ խնդրի լիակատար կարգավորմանը»,– եզրափակել է ռուսաստանցի դիվանագետը: