Արմինֆո.Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացումը կսկսվի դրա վավերացումից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:
«Համաձայնագրի վավերացումից հետո հնարավոր կդառնա փաստաթղթի դրույթների մեծ մասի կիրառումը: Համաձայնագրում կա կետ, որը ենթադրում է հարցի քննարկում սկզբում ՀՀ Սահմանադրական դատարանում, այնուհետ՝ Ազգային ժողովում»,- ասել է Նազարյանը: Խոսելով գործընթացի սկսման հնարավոր ժամկետների մասին՝ դիվանագետն ասել է, որ խոսքը վերաբերում է մոտավորապես ապրիլի 1-ին:
Անդրադառնալով Երևանում կայացած Արևելյան գործընկերության «Հանրային կառավարման ոլորտի բարեփոխումները» թեմայով նիստին՝ փոխնախարարը հիշեցրել է, որ ոլորտի բարեփոխումն արտացոլված են Հայաստանի և ԵՄ միջև ստորագրված փաստաթղթերում, որոնցից մեկը գործընկերության գերակայությունների մասին համաձայնագիրն է, որը հիմնված է համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին ավելի վաղ ստորագրված պայմանագրի վրա: «Խոսքը վերաբերում է համապատասխան բարեփոխումների, «ճանապարհային քարտեզի» իրականացմանը: Ինչպես հայտնի է, բարեփոխումների ողջ ծավալը ներառված է Հայաստանի կառավարության 2017-2020 թթ. համապատասխան ռազմավարության մեջ: Հանդիպումն ընթանում է Արևելյան գործընկերության շրջանակներում: Նպատակն է՝ համեմատել բարեփոխումների իրականացման ընթացքն Արևելյան գործընկերության երկրներում և փորձել հասկանալ, թե որ երկիրն ինչ մակարդակի վրա է այսօր գտնվում՝ ճանապարհային քարտեզի համաձայն»,- ասել է Նազարյանը:
Հիշեցնենք, որ 2017 թ. նոյեմբերի 24-ին Երևելյան գործընկերության գագաթնաժողովում ստորագրվել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Փաստաթուղթը կսկսի գործել ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից վավերացումից հետո: Էստոնիան արդեն վավերացրել է փաստաթուղթը: Հայաստանի կողմից փաստաթղթի վավերացումից հետո հնարավոր կլինի համաձայնագրի մի շարք դրույթների կիրառումը մինչև դրա լիարժեք վավերացումը: