Արմինֆո. Մարտի 14-ին Կոպենհագենում տեղի է ունեցել Հայաստանի և Դանիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Անդերս Սամուելսենի հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Անդերս Սամուելսենը հույս են հայտնել, որ այցը նոր լիցք կհաղորդի հայ-դանիական հարաբերություններին: Շնորհակալություն հայտնելով հրավերի և հյուրընկալության համար՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ կոպենհագենյան հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկելու Հայաստանի և Դանիայի միջև փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրերը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-դանիական օրակարգային հարցերին, մտքեր փոխանակել տարբեր բնագավառներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության առավել զարգացման ուղիների շուրջ:
Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևրտատնտեսական կապերի աշխուժացման, միջազգային կառույցներում համագործակցության վերաբերյալ հարցեր: Երկուստեք նշվել է բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների կարևորությունը: Այս համատեքստում արտգործնախարարներն ընդգծել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պարբերաբար անցկացման կարևորությունը:
Անդրադառնալով երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրել է, որ այս այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել 3 համաձայնագիր:
Հանդիպման ընթացքում արծարծվել են Հայաստան ԵՄ հարաբերություններին, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրին առնչվող հարցեր:
Էդվարդ Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք հարցերի շուրջ։
Հայաստանի և Դանիայի արտգործնախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը: