Արմինֆո.Միջազգային հանրությունը կրկին, այս անգամ ԵԱՀԿ ԽՎ ղեկավար Գեորգի Ծերեթելիի շուրթերով, թափանցիկորեն ակնարկել է Ադրբեջանին ղարաբաղյան հարցում մաքսիմալիստական քաղաքականությունը փոխելու և կառուցողական հուն վերադառնալու անհրաժեշտության մասին:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտության մասին ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Ծերեթելիի կողմից հնչած հայտարարությանը: «Այն փաստը, որ ԵԱՀԿ ԽՎ նախագահն Ալիևի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Մինսկի խմբին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մանտադին լիակատար աջակցության մասին, անթաքույց կոչ է Բաքվին՝ ընդունելու և կյանքի կոչելու Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնցում, ի թիվս այլ բաների, միջնորդներն առաջարկում են ընդլայնել Կասպրշիկի գրասենյակի մանդատը: Ինչպես հայտնի է, հայկական կողմն ընդունել է այդ պայմանավորվածությունները, իսկ Բաքուն հրաժարվում է իրագործել դրանք: Այսինքն՝ Ծերեթելին Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է հայկական կողմի, միջազգային հանրության և Մինսկի միջնորդների դիրքորոշումների համահունչության մասին»,- հայտարարել է Շարմազանովը:
Ըստ որում, Շարմազանովն ընդգծել է, որ կարևոր է, որպեսզի Ադրբեջանը լսի այդ կոչերը: «Արդյո՞ք Բաքուն լսում է դրանք, կիմանանք նախագահական ընտրություններից հետո, սակայն տվյալ պահին ԱՀ իշխանությունները, անտեսելով միջազգային հանրության կոչերը, լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնում: Բազմիցս հայտարարել եմ, որ Ադրբեջանի իշխանությունների դեմ պետք է պատժամիջոցներ կիրառվեն, քանի որ դրանից հետո միայն Բաքուն կփոխի իր քաղաքականությունը»,- նշել է փոխխոսնակը՝ ընդգծելով, որ հայկական կողմի նպատակը ոչ թե Ադրբեջանին պատժելն է, այլ՝ վերջինիս կառուցողական հուն վերադարձնելը և աշխարհի քարտեզի վրա Արցախի անկախ պետության հայտնվելը:
Նշենք, որ օրերս Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ընթացքում ԵԱՀԿ ԽՎ ղեկավար Գեորգի Ծերեթելին, մասնավորապես, հայտարարել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված կողմերի ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտության մասին: Նա նաև մտահոգություն է հայտնել՝ կապված առաջնագծում լարված իրավիճակի, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության գոտում քաղաքացիական բնակչության տառապանքների հետ: Նա հերթական անգամ հայտարարել է Վեհաժողովի կողմից Մինսկի միջնորդների խաղաղարար ջանքներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի գործունեությանն աջակցելու մասին: