Արմինֆո. «Լեռնային Ղարաբաղը, բարեբախտաբար, թեժ կետ չէ, թեև մենք հասկանում ենք, որ իրավիճակն այնտեղ պայթյունավտանգ է՝ հատկապես հաշվի առնելով 2016 թ. իրադարձությունները»,- ՀՀ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը՝ մեկնաբանելով այն փաստը, որ ՌԴ-ն, դատապարտելով ԱՄՆ կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները, ինքն է զենք վաճառում Ադրբեջանին:
Կոսաչովը հայտարարել է, որ Ուկրաինայի դեպքում խոսքը վերաբերում է երկրին, որտեղ կան բազմաթիվ թեժ կետեր, մինչդեռ Լեռնային Ղարաբաղն այդպիսին չէ: Պատգամավորի խոսքով, Ռուսաստանը պարզապես կատարում է մինչև 2016 թ. ապրիլը ստորագրված պայմանագրերը, քանի որ դա մտնում է իր պարտավորությունների մեջ: Ըստ որում, խորհրդարանականը հավաստիացրել է, որ Ռուսաստանն այսուհետ նման մասշտաբով զենք չի մատակարարի Ադրբեջանին: «Անշուշտ, մենք արձագանքում ենք այն իրավիճակին, որն ստեղծվել է 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտության գոտում: Դրանում որևէ կասկած չկա»,- հավաստիացրել է Կոսաչովը:
Պատգամավորը նշել է նաև, որ Հայաստանն, անշուշտ, ռազմավարական գործընկեր և դաշնակից է Ռուսաստանի համար: Ինչ վերաբերում է առանձին չլուծված հարցերին, դրանք, խորհրդարանականի հավաստմամբ, գտնվում են օրակարգում, և դրանց միշտ արդարացի լուծում է տրվում:
Անդրադառնալով Երևանում ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստին՝ պատգամավորը նշել է, որ կողմերը քննարկել են միջազգային կազմակերպություններում ընդհանուր դիրքորոշումները: Ըստ որում, նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև չկա միջխորհրդարանական երկխոսության նման ձևաչափ: