Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերին աջակցող խմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆն ու Ջիմ Քոստան հանդես են եկել հայտարարությամբ Ադրբեջանի Սումգայիթ, Բաքու և Կիրովաբադ քաղաքներում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առնչությամբ, հաղորդել է Ամերիկայի հայկական համագումարը
«1988 թվականի փետրվարի 27-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում բնակվող շուրջ 200 հայեր սպանվել են, բռնաբարվել, խեղվել և անգամ կենդանի այրվել՝ առանց պատճառի, բացի իրենց էթնիկ պատկանելությունից: Այդ անիմաստ բռնությունը հրահրվել էր ադրբեջանական պաշտոնյաների և քաղաքացիների թշնամական, հակահայկական հռետորաբանությամբ՝ այդ անմեղ նահատակների դեմ: Երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել մարդկության դեմ հանցագործությունները և Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունները թաքցնելու համար: Ավելի անհանգստացնող է այն, որ այդ իրադարձությունները կազմակերպողները մինչ այժմ համարվում է ազգային հերոսներ»,- հայտարարել է Ֆրենկ Փալոնը, հավաստիացնելով, որ առաջիկայում այդ հարցը բարձրացնելու է Կոնգրեսում:
Հիշեցնենք, որ այս օրերին ԱՄՆ-ում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսված Կոնգրեսում՝ քննարկելու Արցախի և ԱՄՆ-ի հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցեր