Արմինֆո. Բրյուսելում Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպմանը մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, անդամ պետությունների և գործընկեր երկրների պաշտոնական պատվիրակությունները։ Սա Բրյուսելի գագաթաժողովի ժամանակ ԱլԳ կառուցվածքային վերանայման մասին ընդունված որոշումներից հետո նման մակարդակի առաջին հանդիպումն էր, որին
հայկական կողմից մասնակցել է ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը: Նա իր ելույթում անդրադարձել էր ԱլԳ նոր վերանայված կառուցվածքում ավագ պաշտոնյաների հանդիպման ձևաչափի առանձնակի կարևորությանը` որպես թեմատիկ հարթակները և աշխատանքային խմբերը համակարգող մարմնի։ Նա տեղեկացրել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների համակարգման տեսանկյունից երկրում գործում են անհրաժեշտ ինստիտուցիոնալ մեխանիզմները, որոնք նպատակաուղղված աշխատում են ինչպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, այնպես էլ՝ ստորագրված երկկողմ այլ փաստաթղթերի կիրառումն ապահովելու ուղղությամբ։ Այս առումով փոխնախարարը կարևորել է նաև քաղաքացիական հասարակությանը և երիտասարդությանը վերապահված դերակատարությունը, անդրադարձել խորհրդարանի դերին, նշելով, որ Հայաստանն ավարտում է խորհրդարանական կառավարման համակարգին անցման գործընթացը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, խոսելով ակնկալվող արդյունքների ու համատեղ հանձնառությունների իրականացման մասին. Կարեն Նազարյանը նաև շեշտել է դրանք հանրությանը պատշաճ կերպով ներկայացնելու անհրաժեշտությունը: Այդ համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսութուն մեկնարկելու կարևորությանը՝ այս առումով հատկապես արժևորելով ԵՄ անդամ երկրների աջակցությունը և համագործակցությունը։
Նույն օրը` առավոտյան, տեղի է ունեցել Արևելյան գործընկերության վերանայված ճարտարապետության մեկնարկին նվիրված քննարկում, որին բացման խոսքով ելույթ է ունեցել ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, իսկ որպես հիմնական զեկուցողներ հանդես են եկել ԱլԳ երկրների ԱԳ նախարարների տեղակալները։ Հատուկ տեսաուղերձով հանդես է եկել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Կարեն Նազարյանն իր խոսքում ներկայացրել է Հայաստանի մոտեցումներն ԱլԳ նոր ճարտարապետության հիմքում ընկած տարբերակման, ներառականության և համատեղ պատասխանատվության սկզնունքների վերաբերյալ։ Արձագանքելով ադրբեջանական կողմի այն պնդմանը, թե մարդու իրավունքների և ազատությունների խնդիրների առկայությունը կապված է իր երկրի՝ պատերազմի մեջ լինելու փաստի հետ, փոխնախարար Նազարյանն անթույլատրելի է համարել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների չկատարումը և կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին երկրի բնակչությանը պատրաստել խաղաղության և հրաժարվել ուժի կիրառումից և ուժով կառավարումից, ինչը հակասում է ժողովրդավարության և կայունության սկզբունքներին։
Քննարկմանը մասնակցել են նաև Բրյուսելում տեղակայված վերլուծական կենտրոնների, ԵՄ և գործընկեր երկրների ԶԼՄ֊ների, քաղաքացիական հասարակության և երիտասարդության ներկայացուցիչներ։