Արմինֆո. ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում դեռ չեն կողմնորոշվել Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցչի թեկնածության առնչությամբ:
Ինչպես Բաքվում լրագրողներին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին, Հարավային Կովկասը բարդ տարածաշրջան է, որին առնչվող պարտավորություններն էլ բարդ են: Նրա ասելով, Հարավային Կովկասի գծով նախորդ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինն ամփոփիչ հաշվետվությունում առաջարկել էր փոխել հատուկ ներկայացուցչին անչվող մոդելը` ԵԱՀԿ ԽՎ-ում նախատեսվող բարեփոխումներին համապատասխան, ինչի ուղղությամբ դեռ վերջնական որոշում չկա: «Սակայն, անձամբ ես կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք Հարավային Կովկասի տարածաշրջանի` Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Վրաստանի իրադարձությունների վրա: Հնարավոր է` առաջիկա շաբաթների ընթացքում մենք որոշում կայացնենք հատուկ ներկայացուցչի նշանակման վերաբերյալ՚, - եզրափակել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում ամփոփիչ հաշվետվության շնորհանդեսից հետո Հարավային Կովկասի գծով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հրաժարական էր տվել: Իր որոշումը Վիգենինը հիմնավորել էր ողջ ուժերը քաղաքական հարցերի և անվտանգության կոմիտեի զեկուցողի աշխատանքին կենտրոնացնելու ցանկությամբ: Նստաշրջանում իր ելույթի ժամանակ Վիգենինը համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասի երեք երկրները հարկավոր է դիտարկել առանձին: Նրա ասելով, Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերը միանգամայն տարբեր են Վրաստանում առկա իրավիճակից, և երեք երկրները ունեն տարբեր մոտեցումներ ու նպատակներ: Նա նաև համոզմունք էր հայտնել, որ առկա իրավիճակում հատուկ ներկայացուցչի պաշտոնը ձևական բնույթ է կրում: