Արմինֆո. Մինչ օրս Հայաստանին հաջողվում է իրականացնել տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանումն ապահովող քաղաքականություն: Այդ մասին մարտի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:
Նրա խոսքով, եթե դա այդպես չլիներ, Լեռնային Ղարաբաղում վաղուց կվերսկսվեին մարտական գործողությունները: Ըստ որում, փորձագետը գտնում է, որ դա հաջողվում է անել՝ դաշնակիցների ճիշտ ընտրության շնորհիվ: Հարությունյանը համոզված է, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը և երկրի տարածքում ռուսական զորքերի առկայություն զսպող գործոն են Ադրբեջանի ու Թուրքիայի համար:
ԱրմԻնֆո-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի տարածքից ռուսական զորքերի դուրս բերման մասին որոշ քաղաքական ուժերի կոչերը՝ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Անկախացումից ի վեր Հայաստանում արդեն երեք նախագահ է փոխվել, նրանցից յուրաքանչյուրն իր քաղաքական ուղեգիծն է ունեցել, սակայն նրանք բոլորն աշխատել են ամրապնդել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հենց ճիշտ ընտրված քաղաքականության շնորհիվ՝ այսօր Հայաստանն ունի այն, ինչ ունի, այդ թվում՝ ղարաբաղյան պատերազմում հաղթանակը: Իսկ ի՞նչ ունի Ադրբեջանը»,- հարցրել է Հարությունյանը:
Խոսելով ընդհանուր առմամբ Նախիջևանում Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունների մասին՝ նա նշել է, որ այն նեոօսմանիզմի գաղափարախոսության իրականացման տարածք է: «Ի՞նչ է այսօր իրենից ներկայացնում Նախիջևանը՝ ռազմաքաղաքական տեսակետից: Առաջինը՝ Նախիջևանն այսօր ներկայացնում է տարածք, որտեղից կարելի է հարված հասցնել Երևանին միջին հեռվության սպառազինությունից, օրինակ՝ օգտագործելով «Սմերչ», «Տոչկա-Ու» ԶՀՀ: Երկրորդ՝ Նախիջևանից կարելի է ներթափանցել Սյունիքի մարզ՝ Մեղրի, և ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի հետ: Ավելին, Նախիջևանում հիմնականում ապրում են շիիթներ, որոնք իրենց էությամբ ավելի մոտ են իրանցիներին, սակայն Թուրքիան այսօր իրականացնում է նրանց սուննիներ դարձնելու հստակ քաղաքականություն: Միաժամանակ Նախիջևանում կենտրոնացած ռազմական տեխնիկան թույլ է տալիս օգտագործել այդ տարածքը՝ որպես ռազմակայան»,- գտնում է Հարությունյանը: Նրա խոսքով, բոլոր այս հանգամանքները չեն կարող չմտահոգել հայկական կողմին, որը պետք է զգոն լինի: