Արմինֆո.Այն, ինչ այսօր տեղի է ունենում Նախիջևանում, չի կարող լուրջ մտահոգություն չհարուցել: Այդ մասին մարտի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում, այդ թվում՝ Նախիջևանում անցկացվող զորավարժություններին:
Նրա խոսքով, Ադրբեջանը և Թուրքիան արդեն չեն թաքցնում, որ Նախիջևանը ռազմահենադաշտ կդառնա թուրքական աշխարհի միավորման համար: Սարգսյանը փաստել է, որ վերջին շրջանում Նախիջևանում արդեն 6-7 խոշոր զորավարժություն է անցկացվել: «Զորավարժություններին ներգրավվել են զգալի թվով թուրքական ուժեր: Այսինքն՝ այսօր այդ հատվածում մեծ թվով թուրքական զորքեր ու տեխնիկա է կենտրոնացած: Քաղաքականությունում ոչ մի բան պատահական չի լինում: Հայտնի է նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև փոխգործակցության շուրջ գաղտնի պայմանավորվածության մասին՝ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման դեպքում: Փաստացի այսօր մեր երկիրը լուրջ վտանգի առջև է կանգնած»,- գտնում է Դեմկուսի առաջանորդը:
Միաժամանակ նա համոզված է, որ պաշտոնական Երևանն արդեն այսօր պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հնարավոր սպառնալիքի կանխման նպատակով: Սարգսյանի խոսքով, ՀՀ ԱԳՆ-ը պետք է Նախիջևանի կողմից սպառնալիքի մասին տեղեկացնի միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին և ՀԱՊԿ-ին:
Սարգսյանը գտնում է նաև, որ Հայաստանն այսօր լիովին կարող է դիմել Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին՝ նկատի ունենալով սպառնացող վտանգը, քանի որ դա արդեն վերաբերում է ոչ թե Լեռնային Ղարաբաղին, այլ՝ անմիջապես իր անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը: