Արմինֆո. Հայաստանը և Ադրբեջանը 2016-2017 թթ. գնել են շուրջ $700 մլն գումարի սպառազինություն: Այդ մասին ասվում է Խաղաղության խնդիրների հետազոտման ստոկհոլմյան ինստիտուտի (SIPRI)՝ 2013-2017թթ. սպառազինությունների համաշխարհային առևտրի վիճակի մասին նախօրեին հրապարակված զեկույցում:
Հաշվետվության համաձայն, Հայաստանը 2016-2017թթ. զենքի ներկրման ծավալով զբաղեցնում է աշխարհում 54-րդ տեղը: Երկու տարվա ընթացքում երկիրը ներմուծել է 124 միլիոն դոլարի սպառազինություն, Հայաստան սպառազինությունների մատակարարումների 100%-ը բաժին է ընկել Ռուսաստանին: «2016-2017 թթ. Հայաստանը գնել է 6 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 200 միավոր «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ և «Կորնետ» 9M133 հակատանկային ռեակտիվ համալիրներ»,- ասվում է զեկույցում:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այն 27-րդ տեղն է զբաղեցրել սպառազինությունների ներմուծման ծավալով. երկու տարվա ընթացքում Ադրբեջանը 551 միլիոն դոլարի զենք է գնել՝ հիմնականում Իսրայելից և Ռուսաստանից: Զենքի արտահանման շուկայում, զեկույցի համաձայն, առաջատար են ԱՄՆ-ն և Ռուսաստանը: ԱՄՆ-ին բաժին է ընկնում աշխարհում զենքի վաճառքի ծավալի շուրջ 34%, իսկ Ռուսաստանին՝ 22%: