Արմինֆո. «Ազատության» հրապարակում մարտի 10-ին տեղի կունենա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիա՝ կազմակերպված կալանքի տակ գտնվող ղարաբաղյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձևավորված «Հայաստանի փրկության ճակատի» կողմից:
Ակցիայի կազմակերպիչները դեռ չգիտեն, թե ինչ ելք այն կունենա, կվերաճի զանգվածային հանրահավաքների, թե՞ ոչ: «Ամեն բան կախված կլինի ժողովրդի կամքից և ակտիվությունից»,-նշել են նախաձեռնող խմբի ներկայացուցիչները: Նրանք դժվարացել են նաև ասել, թե ընդդիմադիր որ ուժը կմիանա իրենց և արդյոք հանրահավաքներին կմասնակցեն պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Շաբաթ օրը կայանալիք հանրահավաքին մասնակցելու իր մտադրության մասին միանշանակ հայտարարել է «Ժառանգույթուն» կուսակցությունը: Կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում, մասնավորապես, հայտարարել է, որ ընդդիմության պայքարը պետք է ուղղված լինի ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաև ընդհանուր առմամբ կառավարող համակարգի դեմ: «Կառավարման համակարգը Հայաստանում ռեգրեսիվ է, այն հակաժողովրդական է և ոչնչացնում է մեր քաղաքացիների կամքն ու իրավունքները: Երկրում իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է փոխել իշխանությունը և արմատական բարեփոխումներ իրականացնել»,-հայտարարել է Մարտիրոսյանը: Նա նաև նշել է, որ նման բողոքի ակցիաների հաջողությունն առաջին հերթին կապված է ժողովրդի կամքից և նրա ցանկություններից: «Եթե Հայաստանի քաղաքացիները կարողանան համախմբվել միասնական ճակատում և համատեղ հանդս գալ ընդդեմ իշխանության, մենք կկարողանանք հաջողությունների հասնել, հակառակ դեպքում, առանց մեր հայրենակիցների աջակցության, մեզ մոտ ոչինչ չի ստացվի»,- ասել է «Ժառանգության» նախագահը:
«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն իր հերթին նշել է, որ ինքը չի կարողանա միանալ բողոքի ակցիային, քանի որ մեկնում է Սյունիք: «Ինձ համար առաջին հերթին կարևոր է առաջ մղել մեր կուսակցության ծրագրերը, այդ պատճառով այժմ մեկնում ենք Սյունիք: Անշուշտ, ես աջակցում եմ Հայաստանում իշխանությունների դեմ բողոքի ցանկացած ակցիայի: Սակայն, չեմ կարող ասել, թե որքանով դրանք արդյունավետ կլինեն»,- ասել է Փոստանջյանը:
«Ելք» դաշինքից պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ շաբաթ օրը նախատեսված հանրահավաքին մասնակցության առանչությամբ քննարկումներ դաշինքում չեն եղել: Մինչդեռ «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջիններից էր, ով հայտարարեց Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարի անհրաժեշտության մասին և խոստացավ «Ազատության» հրապարակ դուրս գալ, եթե նույնիկս իրեն չմիանան մնացած ընդդիմադիր գործիչներն ու ուժերը, և ինքը ենթարկվի նույն հետապնդումներին, ինչ 2008 թ. հանրահավաքներից հետո:
Արմատական ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով իր կուսակիցների հետ միասին բազմիցս հայտարարել է իշխանությունների և Սերժ Սարգսյանի դեմ համախմբվելու անհրաժեշտության մասին, ընդհանրապես չի ցանկացել խաթարել իր անդորրը՝ պատասխանելով քաղաքական հարցերի: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Մանուկյանը, ինքը գտնվում է քաղաքից դուրս և չի ցանկանում աշխատանքային հարցեր քննարկել հանգստյան օրը: Ստացվում է, որ իշխանությունների դեմ պայքար ՀԱԿ-ն իրականացնում է միայն աշխատանքային օրերին, իսկ հանգստյան օրերին «ռեժիմի հանցավոր գործունեությունն» արմատական ընդդիմադիրներին չի հուզում:
Նշենք, որ տվյալ պահին հանրահավաքի կազմակերպիչները բանակցություններ են վարում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ համընդհանուր համախմբման նպատակով: