Արմինֆո.ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները քննարկել են «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» եւ Հայաստանի միջեւ համագործակցության հեռանկարները, Հայաստանում գործող իրավիճակին, ինչպես նաեւ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Միեւնույն ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանում վերջերս տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ անցմանը խորհրդարանական կառավարման համակարգին, ինչպես նաեւ` Հայաստան-Եվրոպական միություն համաձայնագրին:
Նույն օրը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի գրասենյակի տնօրենի փոխտեղակալ Գրետչեն Բիրկլի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացված եւ իրականացվող ծրագրերի կարեւորությանը: Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի եւ այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները: Երկուստեք կարեւորվել է նաեւ համագործակցության նոր ձեւաչափ, մասնավորապես օժանդակությունից անցում առեւտրային հարաբերությունների: