Արմինֆո.«Հայաստանում ԱՄՆ դեսպանի գնահատականները մենք գնահատում ենք ոչ թե որպես սուր քննադատություն, այլ որպես գործընկերոջ առաջարկություն կամ առողջ քննադատություն ՚, - հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, մարտի 7-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան ռիչարդ Միլզի այն հայտարարությանը, որ կոռուպցիան ԱՄՆ ներդրողներին թույլ չի տալիս Հայաստանում ներդրումներ իրականացնել:
Շարմազանովը նշել է, որ հակակոռուպցիոն միջոցառումները և ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում են: «Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ` կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու նպատակով: Դրանք դեռ ավարտված չեն, և մենք կշարունակենք հակակոռուպցիոն պայքարը` հաշվի առնելով արևմտյան ժողովրդավարությունների փորձը: ՀՀ իշխանությունները երբեք չեն ասել, թե Հայաստանում չկան այնպիսի բացասական երևույթներ, ինչպես` կոռուպցիան, մենաշնորհը՚, - նշել է Շարմազանովը:
Փոխխոսնակը նաև հույս է հայտնել, որ օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում կներդրվեն մեխանիզմներ, որոնք թույլ կտան ավելի արդյունավետ պայքարել թերացումների դեմ: «Կոռուպցիա կա ցանկացած երկրում` ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ավստրալիայում, սակայն ոչ ոք ավելի շահագրգռված չէ Հայաստանում այդ բացասական երևույթների վերացմամբ, քան երկրի իշխանությունները: Մենք ուշադիր կլսենք մեր բոլոր օտարերկրյա գործընկերների կառուցողական առաջարկները, և անհրաժեշտության դեպքում կսկսենք բարեփոխումների իրագործումը նոր կարգով՚, - ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:
Ավելի վաղ «Ժամանակ՚ օրաթերթում հրապարակված հարցազրույցում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը մտահոգություն էր հայտնել կոռուպցիայի դսևորումների առնչությամբ, որոնք ծնում են անարդարության մթնոլորտ: «Դրանք այնպիսի դրսևորումներ են, երբ ազդեցիկ քաղաքական-տնտեսական կապեր ունեցող մարդիկ դա օգտագործում են իրենց օգտին, ինչի արդյունքում ստեղծվում է անարդարության մթնոլորտ, հաստատվում են մրցակցության համար անհավասար պայմաններ: Կարծում եմ, որ իշխանությունների կողմից կոռուպցիայի և չարաշահման նման դրսևորումները հիմնական մարտահրավերներն են Հայաստանի համար և ամենամեծ խոչընդոտը նրա զարգացման և ներդրումների ներգրավման ճանապարհին՚, - ամփոփել էր դիվանագետը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ