Արմինֆո. Մոսկվան հանդես է գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին: Այդ մասին մարտի 7-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը:
«Ռուսաստանն ուղղակի գնահատական է տվել այդ պայմանագրին: Ինչպես հիշում եք, ռուսական պատվիրակությունը գտնվել է Ցյուրիխում և ակտիվ մասնակցություն ունեցել: Մեր վերաբերմունքը մնում է ակտուալ, մենք ելնում ենք այդ երկրների միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունից՝ հանուն իրենց իսկ շահերի: Մեր կողմից, ինչպես գիտեք, միշտ ամեն բան արել ենք այդ նպատակին հասնելու համար: Ես մեկ անգամ կրկնում եմ, որ Ռուսաստանն այդ ժամանակ Ցյուրիխում ամենաակտիվ և արդյունավետ մասնակցությունն է ունեցել համապատասխան պայմանավորվածությունների մշակման գործում: Եվ հետո մենք այդ թեման մեկնաբանել ենք, և այդ գնահատականներն ակտուալ են»,- ասելէ Զախարովան:
Հիշեցնենք, որ 2018 թ. մարտի 1-ին նախագահ Սերժ Սարգսյանը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին:
Նշենք, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Սակայն, արձանագրությունները չվավերացվեցին Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից, քանի որ Անկարան անընդհատ նախապայմաններ էր առաջադրում: Այս կապակցությամբ Հայաստանի խորհրդարանում արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ: Եվ 2015 թ. փետրվարին դրանք հանվեցին խորհրդարանից:
2017 թվականի երկրորդ կեսին ՀՀ նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել էր, 2018- ի գարունը Հայաստանը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների, քանի որ այդ ուղղությամբ բացակայում է որևէ դրական տեղաշարժը: