Արմինֆո. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Հայաստանի, Վենեսուելայի, Ղազախստանի, Կատարի, Մոնղոլիայի, Սերբիայի, Ուզբեկստանի, Բելառուսի, Ադրբեջանի և Ղրղըզստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, պաշտպանության նախարարները մասնակցել են Կրեմլում հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված հանդիսավոր երեկոյին:
Ռուսաստանի նախագահը շնորհավորել է բոլոր նրանց, ում համար փետրվարի 23-ը պատմական օր է` կապված զինված ուժերի զարգացմանը: «Իսկ ձեզ ցանկանում եմ մաղթել հաջողություն ձեր պետությունների անվտանգության ապահովման գործում՚, - ասել է Պուտինը: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ ներկաները ժամանակ կունենան ծանոթանալու Ռուսաստանի պաշտպանության նախարարության աշխատանքին: Նրա ասելով, իրենք ստեղծել են Պաշտպանության ազգային կենտրոն` զինված ուժերի և հատուկ պայմաններում պետության կառավարման բարձրտեխնոլոգիական կառույց: «Հուսով եմ, որ այդ փորձը կարող է կիրառվել նաև ձեր բանակներում՚, - նշել է ՌԴ ղեկավարը:
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 22-ին մեկնել է Մոսկվա` մասնակցելու հանդիսավոր միջոցառումներին: