Արմինֆո.Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության չանաչման հաստատման առնչությամբ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին՚, - ասվում է Նալբանդյանի հայտարարությունում։
Նախօրեին Նիդերլանդների խորհրդարանը պատգամավորների ձայների ճնշող մեծամասնությամբ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նիդերլանդների խորհրդարանի ընդունած երկու բանաձևերից մեկում ասվում է, որ Նիդերլանդները ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, իսկ երկրորդում նշված է, որ յուրաքանչյուր հինգ տարին մեկ ապրիլի 24-ին հոլանդացի նախարար կամ պետնախարար պետք է այցելի Երևանի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր` մասնակցելու հիշատակի միջոցառումներին: Բանաձևերը ներկայացրել էր Քրիստոնեական միությունից պատգամավոր Ջոել Ֆորդեվինդը: