Արմինֆո. Ադրբեջանի ԱԳՆ-ն ֆրանսիացի գործընկերներին կոչ է անում տեղի չտալ «Հայաստանի և Ֆրանսիայի հայկական լոբբիի ապատեղեկատվությանն ու քարոզչությանը՚:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությանն այդպիսի հայտարարությամբ ստիպել է հանդես գալ Երևանի նկատմամբ ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի արտահայտած նկրտումների վերաբերյալ Փարիզի երեկվա հայտարարությունը:
Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Խիկմետ Գաջիևը հավաստիացրել է, որ Ֆրանսիան, որը մյուս համանախագահող երկրների հետ միասին ավելի քան 25 տարի զբաղվում, է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, շատ լավ գիտի, որ տարածաշրջանում առկա լարվածության գլխավոր պատճառը «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների ռազմական օկուպացիայի՚ շարունակումն է:
Գաջիևը չի հապաղել հազարերորդ անգամ հիշեցնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի և միլիոն հարկադրաբար վերաբնակեցվածների մասին, մոռանալով, որ երկրի ողջ բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է ավելի քան 10 միլիոն: «Իրենց «պատմական հողեր՚ ադրբեջանցիների վերադարձի մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, ինչպես ամրագրված է ՄԱԿ ԱԽ բանաձևերում և միջագզային փաստաթղթերում, հակամարտության կարգավորման գործընթացի կարևոր հումանիտար սկզբունքներից մեկն է՚, - հավաստիացրել է նա: Ընդ որում, Գաջիևը համոզմունք է հայտնել, որ Ֆրանսիային, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, և մյուս համանախագահներին պետք է լրջորեն մտահոգեն Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև մտահոգություն է հայտնել Արցախի հետ Ֆրանսիայի տարածաշրջանների կապերի հաստատման առնչությամբ, ինչպես նաև Ֆրանսիայի տարածք ԼՂՀ ներկայացուցիչների մուտքի և նրանց վարած քարոզչության կապակցությամբ, որոնք, իբր, խախտել են շենգենյան վիզայի դրույթները:
Օգտվելով առիթից` Գաջիևը անդրադարձել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձին` ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ, և Ֆրանսիային կոչ է արել անհանգստություն հայտնել Մոնթե Մելքոնյանի հերոսացման առնչությամբ:
Ինչպես արդեն հաղորդվել է, փետրվարի 20-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան Երևանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի նկտումների վերաբերյալ Փարիզի դիրքորոշմանն առնչվող հարցին, հայտարարվել է, որ Ֆրանսիան առաջվա պես լիովին հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով: Ընդ որում, Ֆրանսիայի արտգործնախարարությունում հակամարտող կողմերին կոչ է արվել բարեխղճորեն աշխատել այդ ուղղությամբ և ձեռնպահ մնալ ցանկացած հայտարարությունից կամ գործողությունից, որոնք կարող են հանգեցնել լարվածության սրման: