Արմինֆո. Երևանի Ավագանու խորհրդի նիստում ծեծկռտուքի մասնակից երկու կողմերի գործողություններն էլ հարիր չեն մեր մշակույթին: Այդ մասին փետրվարի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար, հանրապետական Դավիթ Հարությունյանը:
«Ես՝ որպես արդարադատության նախարար, դատապարտում եմ բռնության տարրեր պարունակող ցանկացած գործողություն»,-հայտարարել է նա՝ ավելացնելով, որ Ավագանու խորհրդի անդամին վայել չէ կեղտաջրով լցված տարայով ներկայանալ նմիստին, իսկ տղամարդկանց՝ այդպես կոպիտ վարվել կնոջ հետ: «Մնում է հուսալ, որ այսուհետ նման միջադեպեր տեղի չեն ունենա մեր հասարակությունում, առավել ևս՝ Երևանի Ավագանու խորհրդում»,- նշել է արդարադատության նախարարը:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու խորհրդի նիստում ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» կուսակցության խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը շշով կոյուղաջուր էր բերել և փորձել դնել քաղաքապետ Տարոն Մարգարյանի սեղանին:Սակայն, Մարգարյանը, գիտակցելով իրեն սպառնացող վտանգը, ՀՀԿ խմբակցության անդամներին կարգադրել էր կասեցնել Խաչատրյանի գործողությունը, ինչին հետևել էր ծեծկռտուք, որին միջամտել էին «Ելք» խմբակցության անդամները` փորձելով բաժանել ծեծկռտուքի մասնակիցներին: Միջադեպից հետո «Երկիր Ծիրանին՚ դիմել է լիազոր կառույցներին` պահանջելով քրեական գործ հարուցել իր անդամների նկատմամբ ՀՀԿ հարձակման փաստի առնչությամբ: