Արմինֆո. Երևանում համոզված են, որ հայկական տարածքների նկատմամբ տարածքային պահանջների մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության առնչությամբ միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայությունը հանգեցրել է ուժի կիրառման նոր սպառնալիքների՝ այժմ արդեն Ադրբեջանի պաշտպանության նախարարի մակարդակով:
«Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության առնչությամբ միջազգային հանրության համարժեք արձագանքի բացակայությունը խրախուսել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին ուժի կիրառման նոր սպառնալիքով հանդես գալ»,- Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլարի հետ հանդիպման ժամանակ չի բացառել ղարաբաղյան հակամարտության գոտում նոր պատերազմի հավանականությունը: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ երկու զինված բանակները կանգնած են շփման գծի երկու կողմերում, և չի բացառվում, որ պատերազմն ամեն րոպե կարող է վերսկսվել: Նա նաև փաստել է, որ բանակցային գործընթացը շարունակում է անարդյունք մնալ: Նախարարը նշել էր, որ ղարաբաղյան հակամարտության հետևանքները հետաքննելու փոխարեն, լավ կլիներ, որ եթե միջազգային կառույցները ջանքեր գործադրեն հակամարտության ամբողջական կարգավորման համար և զբաղվեն դրա պատճառների վերացմամբ:
Հիշեցնենք, որ «Ենի Ազերբայջան» կուսակցության VI համագումարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանը համարել է«ադրբեջանցիների պատմական հողը»: «Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանում մեր պատմական հողերի մասին: Մեր պատմական հողեր են՝ Երևանի խանությունը, Զանգեզուր-Գեյչան: Եվ մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ հողերը: Դա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է, և մենք պետք է աստիճանաբար մոտենանք այդ նպատակին»,-ասել է Ալիևը: