Արմինֆո.Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումների շարքը քաղաքական ուժերի, ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածներն ընդգրկող կազմակեպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ։
Արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում Բրյուսելում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի հանդիպումը Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են Բելգիայի մոտ երկու տասնյակ համայնքային կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ:Բելգիահայերը Արմեն Սարգսյանին ներկայացրել են իրենց տեսակետներն ու գաղափարները Հայաստանի ապագայի վերաբերյալ, անդրադարձել համահայկական խնդիրներին ու տարբեր ծրագրերին սփյուռքի ներգրավվածությանը:
Ներկայացնելով Հայաստանի ապագայի իր տեսլականը, Արմեն Սարգսյանն առաջնահերթ նպատակ է համարել կրթական ոլորտի զարգացումը ու արդիականացումը: Նա խոսել է նաեւ Սփյուռք-Հայաստան հարաբերությունների մասին, կարեւորել առավել արդյունավետ եւ փոխշահավետ համագործակցությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը տվել է այդ պաշտոնում առաջադրվելու իր համաձայնությունը: Այդ մասին փետրվարի 16-ին Սարգսյանը հայտնել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում: «Ես կփորձեմ իմ ներդրումը բերել ապագայում, եթե ընտրվեմ որպես Հանրապետության նախագահ, և՛ արտաքին հարաբերություններում, և՛ արտաքին տնտեսական հարցերում, և՛ ներդրումների ներգրավման ոլորտում, բայց որ շատ կարևոր եմ համարում՝ ազգային միասնության ամրապնդման ոլորտում ու Հայաստան-սփյուռք հարաբերություններում: Երկու ոլորտ, որ կարծում եմ, շատ էական է, և իմ հանդիպումները դրանց ուղղակի փաստային ապացույցներն էին. դրանցից մեկը մի ոլորտ է, որ իմ սրտին շատ մոտ է՝ կրթությունը: Կարծում եմ՝ հանրապետության ապագա նախագահն իր դերը կարող է ունենալ աջակցելու, քաջալերելու կրթության ոլորտը»,- ասել էր նա: