Արմինֆո. Վարչապետի հրավերի հիման վրա Կառավարության նիստերին մասնակցելու հարցը որևէ կերպ չի նվազեցնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը։ Այդ մասին հայտարարել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի ծառայությունում՝ ԱրմԻնֆո-ի հարցմանն ի պատասխան:
Ինչպես նշել են ՄԻՊ գրասենյակում, «Մարդու իրավունքների պաշտպանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի փոփոխությամբ ամրագրվում է Կառավարության նիստերին մասնակցության հատուկ կարգավորում։ «Խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Կառավարության նիստերին մասնակցելը միայն Կառավարության անդամների պարտականությունն է, իսկ մշտական հիմունքներով այդ նիստերին մասնակցելու իրավունքը պատկանում է այն մարմինների ղեկավարներին, որոնք ենթակա են Կառավարությանը և վարչապետին, ինչպես նաև Նախագահի ու Ազգային ժողովի աշխատակազմերի ղեկավարներին:Վարչապետի հրավերով Կառավարության նիստերին մասնակցության կառուցակարգը վերաբերում է գործադիր իշխանությունից անկախ բոլոր մարմիններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանին։ Այս փոփոխությունը որևէ կերպ չի կարող խոչընդոտել Պաշտպանի աշխատանքը: Սահմանադրական փոփոխություններից հետո սահմանադրական օրենքի մակարդակով այս հաստատությանը վերապահվել է լիազորությունների առավել մեծ շրջանակ, իսկ անկախության ու գործունեության երաշխիքներն էլ ավելի են ամրապնդվել: Կոնկրետ դեպքում, մինչև մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում՝ կառավարության որոշումների նախագծերի ընդունումը Պաշտպանն ունի դրանց վերաբերյալ գրավոր կարծիք ներկայացնելու իրավասություն: Դրանից բացի, Սահմանադրությամբ ընդլայնվել է այն ակտերի շրջանակը, որոնք վիճարկելու համար Պաշտպանը կարող է դիմել Սահմանադրական դատարան (Կառավարության և վարչապետի որոշումներ, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր և այլն):
Մարդու իրավունքների պաշտպանի իրավասու ներկայացուցիչները մշտապես մասնակցում են Կառավարության նիստերից առաջ տեղի ունեցող կոմիտեների համապատասխան քննարկումներին, ներկայացնում Պաշտպանի դիրքորոշումն առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված որոշումների ու օրենքների նախագծերի վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես խորհրդարանական հաստատություն, սահմանադրական նոր լուծումների պայմաններում ունի մշտական ներկայացուցիչներ Ազգային ժողովում և Սահմանադրական դատարանում: Հետևաբար, գործող կարգավորումների պայմաններում Կառավարության նիստերին Պաշտպանի կամ նրա իրավասու ներկայացուցչի մասնակցությունը կրում է ֆորմալ բնույթ, իսկ առանձին դեպքերում ստեղծում է Կառավարության գործունեության հետ նրա առնչության վերաբերյալ սխալ տպավորություն»,- հայտնել են ՄԻՊ գրասենյակում: