Արմինֆո. «Ի՞նչ եք կարծում, եթե Ադրբեջանի նախագահը տարածքային նկրտումներ է հանդես բերում Երևանի նկատմամբ, որի հիմնադրման 2800-ամյակը մենք նշելու ենք հոկտեմբեր ամսին, ինչպե՞ս կարող է Ղարաբաղի խնդիրը լուծվել՚, - Մյունխենի անվտանգության համաժողովում այսպիսի հռետորական հարցով է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Սադի Ջաֆարովի այն հարցին, թե երբ կլուծվի ղարաբաղյան հակամարտությունը, և երբ ժամանակին Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիները, որոնցից մեկն է ինքը, կարող են վերադառնալ նախկին բնակության վայրեր:
«Նախ, շատ շնորհակալ եմ իմ հայրենակցի կողմից տրված այս հարցերի շարանի համար, որովհետև ես էլ եմ արմատներով Ղարաբաղից: …Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, և Դուք, թեև ես դրանում մի քիչ կասկածում եմ, կարող եք վերադառնալ Ղարաբաղ կամ հարակից շրջաններ միայն ու միայն այն պարագայում, եթե ձեր երկրի ղեկավարությունը սթափվի և հրաժարվի իր անիրատեսական սպասելիքներից, բանակցությունների արդյունքի վերաբերյալ ակնկալիքներից: Դուք ուզում եք ազատ ապրել, Դուք ուզում եք ապրել Ղարաբաղում: Հավատացեք, որ ղարաբաղցիներն էլ են ուզում ազատ ապրել և ուզում են, որպեսզի իրենք ապրեն իրենց պատմական հողի վրա, որտեղ ունեն հազարամյակների խորքից եղած ժառանգություն, և իրենք չեն ուզում, որ դուք ոչնչացնեք այդ ժառանգությունը: Իսկ թե ինչի համար Ադրբեջանի մի քանի շրջաններ հայտնվեցին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ, Դուք դա շատ լավ գիտեք: Գիտեք, որ ղարաբաղցիները ընդամենը քաղաքակիրթ ձևով անցկացրել են հանրաքվե, դիմել են Սովետական միության Գերագույն խորհրդին. դա էր պահանջում Սովետական միության գործող օրենքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից տեղափոխվի Հայաստանի կազմ: Փոխարենը` ձեր այն ժամանակվա իշխանությունները փորձեցին զենքով խեղդել ղարաբաղցիների այդ օրինական պահանջն ու ցանկությունը: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ այդ ժամանակ բոլոր եվրոպական կառույցները շատ դրական մոտեցում ցուցաբերեցին և ասացին՝ այո՛, Լեռնային Ղարաբաղը պետք է ինքորոշվի: Բայց պատերազմում փլավ չեն բաժանում, ցավոք սրտի: Ես ատում եմ պատերազմը: Սակայն այնպես ստացվեց, որ մենք մեզ պաշտպանելու համար ստիպված էինք ստեղծել անվտանգության գոտի: Նորից այս հեղինակավոր ամբիոնից ասում եմ՝ մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը, եթե դուք ցուցաբերեք ողջախոհություն` խոսքս Ադբեջանի ժողովրդի մասին չէ, խոսքս Ադրբեջանի ղեկավարության մասին է, և իրականում նստեք բանակցային սեղանի շուրջ ու հասկանաք, որ այս խնդիրը կարող է լուծվել միայն ու միայն փոխզիջումների հիման վրա: Ես չեմ ուզում մասնակիցների ժամանակը խլել, ուղղակի ուզում եմ ասել, որ ժամանակն է սթափվելու: Երևանը ունի 2800 տարվա պատմություն, հայ ժողովուրդը առնվազն 5000 տարի ապրում է իր պատմական տարածքներում, և Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, ովքեր, Աստված գիտի, երբ են սկսել իրենք իրենց ինքնաճանաչել, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը՚, - հայտարարել է Հայաստանի նախագահը
Նա նաև ընդգծել է, որ հայկական կողմի հնարավորությունները ամեն տարի ավելանում են, որովհետև աշխարհը կամաց-կամաց, երևի, սկսում է հասկանալ, թե որքան տոլերանտ են հայերը և ինչպիսի դժվարին աշխարհաքաղաքական պայմաններում են: «Մեր խնդիրը միայն Ադրբեջանը չէ` մեր խնդիրը Թուրքիայի աներկբա սատարումն է Ադրբեջանին: Եվ պիտի ասեմ, որ Ադրբեջանի ինքնահանգստացումներն այն առումով, որ Հայաստանը մեկուսացված է` միֆ է, միֆ, չկա այդպիսի բան: Եվ եթե Հայաստանը մեկուսացած լիներ, չէր ունենա ավելի մեծ միջին աշխատավարձ, քան Ադրբեջանը՝ ունենալով այդքան նավթ, գազ և այլն, կարող եմ այլ ցուցանիշներ էլ բերել, բայց վստահ եմ, որ մենք ուղղակի չենք կարող մեկուսանալ՚, - ամփոփել է Հայաստանի ղեկավարը: