Արմինֆո. «Երբ մենք ԵՄ-ի հետ սկսեցինք մեր բանակցությունները` մեր ռուս գործընկերները, մեր դաշնակիցները դրա մասին տեղյակ էին, և մեր եվրոպացի գործընկերներն էին տեղյակ, որ մենք բանակցում ենք նաև Եվրասիական տնտեսական միությանը` այն ժամանակվա Մաքսային միությանն անդամակցելու համար՚, - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում` պատասխանելով «Եվրասիա խմբի» նախագահ և հիմնադիր Յան Բրեմերի հարցին:
«Մենք դա հնարավոր էինք տեսնում: Եվ երբ «և՛,և՛»-ի սկզբունքը փոխարինվեց «կամ՛, կա՛մ»-ի սկզբունքով, մենք չէինք կարող ստորագրել այդպիսի համաձայնագիր: Այսինքն՝ ոչ թե մենք հրաժարվել ենք ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, այլ Եվրամիությունը չի ցանկացել ստորագրել մեզ հետ համաձայնագիր: Մենք նույնիսկ առաջարկել ենք համաձայնագրի մի մասը՝ քաղաքական մասը, ստորագրել, եթե դա հնարավոր է, բայց մեր եվրոպացի գործընկերներն ասել են՝ ոչ: Սակայն ընդամենը շաբաթներ հետո Ուկրաինայի հետ ստորագրվել է այնպիսի համաձանագիր, որ մենք էինք առաջարկել: Մենք շատ լավ հասկանում ենք Հայաստանի հնարավորությունները և Ուկրաինայի հնարավորությունները, Հայաստանի դերակատարությունը և Ուկրաինայի դերակատությունը, բայց, այնուհանդերձ, մեզ համար տարօրինակ էր: Այնպես որ` մենք չենք հրաժարվել այդպիսի համաձանագրի ստորագրելուց, և փառք Աստծո, որ դրանից ոչ այնքան շատ հետո Եվրամիությունը որոշում կայացրեց, և այդպիսի որոշումը հաստատվեց Ռիգայի գագաթնաժողովում. այդ որոշումն էր տարբերակված մոտեցումը: Եվ այդ տարբերակված մոտեցման ներքո մեզ հաջողվեց Եվրամիության հետ ստորագրել փաստաթուղթ: Ուզում եմ, որպեսզի այստեղ մեկ անգամ ևս ընդգծենք՝ մենք որևէ մեկի հետ գաղտնի բանակցություններ չենք վարել, մենք որևէ մեկի ճնշման տակ որոշում չենք կայացրել, և ինչպես ես ասացի` մեր պատմական փորձը ցույց է տալիս, որ հակամարտություններից փորձել ժամանակավոր օգուտներ քաղել` բերում է մեծ ողբերգությունների: Մենք այդպիսի ողբերգության միջով անցել ենք և չէինք ուզենա, որ այդ ողբերգությունները կրկնվեին՚, - նշել է Հայաստանի նախագահը: