Արմինֆո. Հայաստանը միշտ եղել է բաց համագործակցության, այլոց շահերը հարգելու և դրանք հնարավորինս համադրելու ջատագով։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ իր ելույթում:
«Փորձել ենք մեր գործընկերներին ընտրության առաջ չկանգնեցնել, իսկ որտեղ հնարավոր է՝ ստեղծել դրական համագործակցության միջավայր։ Կարող եմ ասել, որ մեր բոլոր գործընկերները, մեծ հաշվով, մշտապես աջակցել են մեր այս քաղաքականությանը և դրա արդյունքում կատարված քայլերին՚, - նշել է նախագահը:
Նրա հավաստմամբ, Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցեց հստակ գիտակցմամբ, որ այն լավագույնս է ծառայելու մեր տնտեսության զարգացմանը, մեր երկրի ապագային։ «Անդամակցությունից ի վեր գրանցված արդյունքներն ամրապնդում են վստահությունը մեր բռնած ուղու հանդեպ։ Միաժամանակ, դա բնավ չի խոչընդոտել մեր համագործակցությանը Եվրոպական միության հետ, հատկապես ինստիտուցիոնալ բարեփոխումների և արդիականացման բնագավառներում՚, - ասել է Ս.Սարգսյանը:
ՀՀ նախագահն ընդգծել է, որ Եվրամիության հետ մեր համագործակցությունը նոր մակարդակի բարձրացավ վերջերս ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, և այժմ կարևոր է, որ այդ փաստաթղթի վավերացման գործընթացն ընթանա պատշաճ արագությամբ: «Արդիականացումը մշտական գործընթաց է, որը հնարավորություն է տալիս մեզ քայլել ժամանակին համընթաց: Մենք շարունակաբար ձգտելու ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք արդեն իսկ հասել են մեծ հաջողությունների և կարող են նպաստել մեր երկրի զարգացմանը: Նշված քաղաքականությունը դյուրացնում է Հայաստանի փոխգործակցությունը թե՛ ԵԱՏՄ-ի, թե՛ ԵՄ-ի հետ: Սա նաև հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Հայաստանի միջոցով ընդլայնել գործարար կապերը այս երկու ինտեգրացիոն կառույցների միջև՚, - ասել է նախագահը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ Երևանն այժմ բանակցություններ է վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ, որպեսզի ձևավորենք նոր տարանցիկ միջանցք Սև ծովի և Պարսից ծոցի միջև: «Հուսով ենք, որ հաջողության դեպքում դրա շահառուների ցանկը կլինի ավելի ընդարձակ, քան բանակցային փուլում ներգրավված երկրներն են: Կարծում եմ՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամ երկրների համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում, համապատասխանում է մեր ընդհանուր շահերին և տնտեսական առաջընթացին: Այստեղ կցանկանայի նշել ևս մեկ կարևոր հանգամանք: Մեր հասարակության մեջ ձևավորվել է լայն համաձայնություն Հայաստանի արտաքին քաղաքականության և տնտեսական ինտեգրացիայի ուղղությամբ կատարվող քայլերի շուրջ՚, - նշել է Ս.Սարգսյանը: