Արմինֆո.«Լուսավոր Հայաստան» կուսակցության գլխավոր նպատակը եվրոպական մոդելի պետության կառուցումն է: Այդ մասին այսօր կուսակցության երկրորդ համագումարի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքից ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ նկատի ունենալով ՀՀ առջև ծառացած հիմնական խնդիրները՝ կուսակցությունը վերահաստատում է, որ Հայաստանի երկարաժամկետ անվտանգության և համընդհանուր զարգացման հիմնական երաշխիքը եվրոպական մոդելի պետության կառուցումն է: Այս առնչությամբ նա ներկայացրել է փաստաթուղթ, որը պետք է ընդունվի համագումարի ժամանակ: «Համագումարում մենք պետք է ընդունենք «Իրավունքի գերակայության մանիֆեստ» փաստաթուղթ: Դա, ըստ էության, մեր կուսակցության կողմից 2015 թ. դեկտեմբերի 12-ին ընդունած ծրագրի շարունակությունն է: Մեզ համար գլխավորը Ժողովդավարության կառուցման համար օրենքի գերակայության հաստատումն է»,- ընդգծել է նա:
Մարուքյանը պատմել է նաև վերջին տարիներին կուսակցության ձեռքբերումների մասին: Պատգամավորը նշել է, որ վերջին 2 տարում կուսակցությունը երկար ճանապարհ է անցել և մի շարք հաղթանակներ գրանցել, այդ թվում՝ «Ելք» խմբակցության ձևավորումը, կուսակցության ներկայացուցիչների մասնակցությունն ԱԺ, Երևանի Ավագանու խորհրդի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
Խոսելով «Ելք» խմբակցության մասին՝ պատգամավորը նշել է, որ իրենց գլխավոր նպատակը ուժեղ Հայաստանի ստեղծումը և քաղաքացիների ազատության ապահովումն է: «Մենք հավատարիմ ենք մնում մեր սկզբունքներին, և հնարավոր ամեն բան կանենք, որպեսզի «Ելք» դաշինքը կարողանա դիմագրավել բոլոր մարտահրավերներին, քանի որ մեր կարգախոսն է՝ «Փշերի միջոցով` դեպի աստղեր»»,- նշել է քաղաքական գործիչը:
Մարուքյանը նշել է նաև, որ կուսակցության կյանքում մեծ դեր է խաղում համագործակցությունը եվրոպական կառույցների հետ և համաեվրոպական ու միջազգային ասպարեզում: Այսօր կուսակցությունը սերտորեն համագործակցում է Եվրոպայի լիբերալների և ժողովրդավարների ալյանսի (ALDE) հետ և ձգտում է այդ կազմակերպության անդամ դառնալ: Նա նաև ընդգծել է միջազգային այլ հիմնադրամների հետ համագործակցությունը:
Մարուքյանն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Նա նշել է, որ սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ-ում իշխանության բաշխման համակարգը չի փոխվել: «Հաղթողին հասնում է ամեն բան, իսկ պարտվողին՝ ոչինչ: Իշխանություններն, ըստ էության, զբաղված են իմիտացիոն գործընթացներով և որևէ քայլ չեն ձեռնարկում մեր պետության զարգացման ուղղությամբ»,- հայտարարել է պատգամավորը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ