Արմինֆո.Ադրբեջանի արտգործնախարարությունը հերթական անգամ զարմացրել է իր օպերատիվությամբ, զգոնությամբ և խորաթափանցությամբ:
Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Խիկմետ Գաջիևը «Թուիթերի՚ իր միկրոբլոգում հրապարակել է հայկական լրատվամիջոցներից մեկի երկու ամսվա վաղեմության նյութն այն մասին, թե արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի համար կանխատեսվում է Հայաստանի ապագա նախագահի դերը: Ավելին, հիմնվելով այդ ժամկետանց նորության վրա, Գաջիևը խորիմաստ վերլուծություն է կատարում այն մասին, որ նյութը հրապարակելով ՀՀ ԱԳՆ խոսափող հանդիսացող ԶԼՄ-ում, Նալբանդյանը դեռ չի կորցնում Հայաստանը գլխավորելու հույսը: Մինչդեռ, շտապենք տեղեկացնել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությանը, որ Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանը դեռ մոտ մեկ ամիս առաջ հայ հասարակայնությանը ներկայացրել է կառավարող ՀՀԿ-ից ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, ով զբաղցնում է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Ավելին, այն ընթացքում, երբ Բաքուն իր պատրանքների աշխարհում է, Արմեն Սարգսյանը նախընտրական հանդիպումներ է անցկացնում հասարակական և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: