Արմինֆո. Թուրքիայի քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Թուրքիայի ագզային մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանն անընդունելի է համարել Պոլսի պատրիարքի փոխանորդի նշանակման գործընթացին Թուրքիայի իշխանությունների միջամտությունը: Այդ մասին հաղորդել է Ermenihaber.am-ը:
Twitter–ի իր միկրոբլոգում Փայլանը գրել է. «Կոստանդնուպոլսի թեմում իր դրածոյին նշանակելու նպատակով իշխանությունները դիմել են ինտրիգների, որոնք արժանի են ուսումնասիրման: Սակայն մենք նրան չենք ընդունում: մենք ուզում ենք նոր պատրիարք ընտրել:
Հիշեցնենք, որ Պոլսի հայոց պատրիարքարանում փետրվարի 9-ին գումարված կրոնական ժողովը որոշել է, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակելու է պաշտոնավարումը որպես պատրիարքի փոխանորդ: Կրոնական ժողովը նման որոշման է հանգել օրերս Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի մասնակցությամբ արտահերթ ժողովից հետո, որին մասնակցել են նաև պատրիարքի ընտրությամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամները, հայ համայնքի հիմնադրամի ղեկավարները: Տարածված հայտարարության համաձայն, պատրիարքությունը կոչ է անում վերադառնալ 2016թ հոկտեմբերի 26-ին գումարված եկեղեցական ընդհանուր ժողովից առաջ գոյություն ունեցող իրավիճակին, ուստի 2010թ հուլիսի 1-ին պատրիարքական ընդհանուր փոխանորդ ընտրված Արամ Աթեշյանը շարունակում է պաշտոնավարումը: Հայտարարությունում նաև նշվում է, որ Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջական վիճակը բավարար հիմք չէ նրան հանգստի ուղարկելու և նոր պատրիարք ընտրելու համար:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 26-ին Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ճանաչվել էր անգործունակ. նա 2008 թվականի կոմայի վիճակում է: Նրա փոխարեն պատրիարքի լիազորությունները ստանձնել էր Արամ Աթեշյանը, որին ընտրել էր ոչ թե համայնքը, այլ` պետությունը, ինչը ենթադրում էր նոր պատրիարքի ընտրություններ: 2017 թվականի մարտի 15-ին կայացել էր Պոլսի պատրիարքի փոխանորդի ընտրություն, ինչի մասին որոշում էր կայացրել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Սակայն այն բանից հետո, երբ պատրիարքի փոխանորդ էր ընտրվել Գարեգին արք. Բեքչյանը, Արամ արք.Աթեշյանը հրաժարվել էր հեռանալ պաշտոնից: Փետրվարին պոլսահայերը բաց նամակով դիմել էին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին` խնդրելով միջամտել Աթեշյանի գործունեությանը և ապահովել նրա հրաժարականը, աջակցել ՀԱԵ Պոլսի թեմի պատրիարքի թափանցիկ և անաչառ ընտրությունների կազմակերպմանը: 2017 թվականի հունիսի 28-ին Արամ Աթեշյանը հեռացվել էր փոխանորդի պաշտոնից: