Արմինֆո. Քանի որ վերջին ժամանակներս Ադրբեջանում գլուխ է բարձրացրել ընդդիմությունը՝ Իլհամ Ալիևը նախաձեռնել է վաղաժամկետ ընտրություններ՝ փորձելով հանկարծակիի բերել ընդդիմության ներկայացուցիչներին, թույլ չտալով նրանց, ինչպես հարկն է, նախապատրաստվել նախընտրական արշավին: Այդ մասին փետրվարի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Սաֆրաստյանի կարծիքով, Ալիևը տվյալ պահին փորձում է սրել իրավիճակը և ԱՀ բնակիչների ողջ ատելությունն ուղղել արտաքին թշնամու, այսինքն՝ Հայաստանի դեմ: «Երևանը վերադարձնելու» մասին Ալիևի հայտարարությունը, քաղաքագետի խոսքով, արվել է՝ բացառապես նախագահական ընտրություններում վերջինիս վարկանիշը բարձրացնելու նպատակով: Միաժամանակ փորձագետը չի բացառել նախընտրական շրջանում սահմանին որոշակի սադրանքների հավանականությունը:
«Ադրբեջանի ագրեսիվ հռետորությունը ժամանակ առ ժամանակ իր արտացոլումն է գտնում այնպիսի լայնամասշտաբ ռազմական գործողություններում, ինչպես՝ ապրիլյան պատերազմը»: Այնպես որ՝ բացառված չէ, որ ընտրություններից առաջ ԱՀ իշխանությունները կփորձեն ևս մեկ սադրանք իրականացնել սահմանին՝ ներկայումս գործող նախագահի վարկանիշը բարձրացնելու նպատակով»,- նշել է փորձագետը:
Քաղաքագետի խոսքով, երկրում մշտապես լարվածություն կա՝ կապված կլանային պայքարի հետ:
«Իշխանության հարցից բացի, որը մշտապես ծագում ԱՀ կառավարող կլանների միջև, զգալի դեր է խաղում նաև նավթի ու գազի վաճառքից ստացված շահույթի բաժանումը: Միջոցների բաժանումը հաճախ չի գոհացնում այս կամ այն կլանին, ինչը հանգեցնում է կատաղի պայքարի, իսկ տվյալ պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, և Ալիևը որոշել է շտապ ընտրություններ անցկացնել»,- ընդգծել է Սաֆրաստյանը:
Քաղաքագետը նշել է նաև այն հանգամանքը, որ Ալիևն անընդհատ փորձում է հարվածներ հասցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղապահ գործունեությանը: «Բանն այն չէ, որ այդպիսով Ադրբեջանը ցանկանում է դուրս գալ բանակցային գործընթացից, իրականում խնդիրը շատ ավելի խորն է: Նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանը կփորձի ուժեղացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վրա ճնշումը՝ բանակցային գործընթացում որոշակի արտոնությունների հասնելու և նախագահ Ալիևի հեղինակությունը բարձրացնելու նպատակով»,- եզրափակել է փորձագետը: