Արմինֆո. Վերջին ժամանակներս սիրիական ճգնաժամում դիտվում են ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական միտումներ, և պարզ չէ, թե ինչ ուղղությամբ են հետագայում զարգանալու իրադարձություններն այդ երկրում: Այդ մասին փետրվարի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Ինչպես նշել է փորձագետը, դրական միտում է այն, որ երկրները, որոնք,այսպես թե այնպես,
ներգրավված են սիրիական հակամարտության կարգավորման գործում, փորձում են փոխզիջում գտնել խնդրի կարգավորման հարցում: «Առաջինը՝ ԱՄՆ-ը այդքան սուր չի դնում Բաշար Ասադի հրաժարականի հարցը, քանի որ պարզ է դարձել, որ առանց նրա հնարավոր չէ կարգավորել սիրիական հակամարտությունը: Երկրորդ՝ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ հանդես են գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության օգտին, ինչն ինքին դրական տեղաշարժ է այդ հարցում»,- նշել է Սաֆրաստյանը:
Քաղաքագետը նշել է նաև այն փաստը, որ այնպիսի երկրներ, ինչպես՝ Չինաստանը և Ռուսաստանը, տարբեր ծրագրերի շրջանակներում խոշոր ներդրումներ են կատարում Սիրիայի զարգացման գործում, ինչը վկայում է այն մասին, որ վերջիններս ճգնաժամի շուտափույթ կարգավորման հնարավորություն են տեսնում:
Ինչ վերաբերում է բացասական միտումներին, դրանց թվում փորձագետը նշել է Թուրքիայի
ներխուժումը Սիրիայի տարածք, իսկ միջազգային հանրությունը, կարծես, համակերպվել է նման վարքագծի հետ: «Տվյալ պահին Թուրքիան ինչպես արտաքին, այնպես էլ ներքին բավական ագրեսիվ քաղաքականություն է իրականացնում: Սիրիայում թուրքական զորքերը հազարավոր խաղաղ բնակիչներ են սպանում, մինչդեռ Թուրքիայում տեղի են ունենում Սիրիայում թուրքական ագրեսիայի դեմ հանդես եկողների զանգվածային ձերբակալություններ: Տվյալ դեպքում թուրքական կառավարության նպատակը թուրք-սիրիական սահմանին տարածքների օկուպացիան է, որնք կազմում են 24.000 կմ : Բացի այդ, Թուրքիայի իշխանությունները մտադիր են «մեռյալ գոտի» դարձնել այդ հատվածը, հետևաբար՝ վերջինիս գործողությունները փաստացի ցեղասպանություն են այդ տարածքում բնակվող ժողովուրդների նկատմամբ»,- նշել է Սաֆրաստյանը:
Սաֆրաստյանը հավաստիացրել է, որ տվյալ պահին փոխվում է Թուրքիայի ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին քաղաքականությունը: «Եթե նախկինում Էրդողանը փորձում էր ներկայանալ որպես իսլամիստ և ուժեղացնել իսլամի ազդեցությունը երկրում, այժմ նա հասկանում է, որ այդ քաղաքականությունն իրեն չի արդարացնում: Հիմա Էրդողանը ամեն կերպ փորձում է ուժեղացնել իր իշխանությունը և զարգացնում պանթյուրքիզմի գաղափարները, այսինքն՝ ուզում է մերձեցման եզրեր գտնել իսլամական այլ երկրների հետ, ինչպես նաև ստեղծել ավելի ուժեղ Թուրքիա: Իսկ նոր և ուժեղ Թուրքիան տվյալ դեպքում ենթադրում է նաև այլ սահմաններ: Այսինքն՝ Թուրքիայի կառավարությունը ենթադրում է ինչպես Սիրիայի հյուսիսի, այնպես էլ Կիպրոսի զավթում: Այսինքն՝ Սիրիայի տարածք ներխուժմամբ Թուրքիան փորձում է իրականացնել իր ծրագրի առաջին մասը: Սակայն, տվյալ պահին այդ ծրագրի իրականացման որևէ իրական նախադրյալ չկա, և բոլոր այդ գաղափարները բացառապես ուտոպիստական են»,- եզրափակել է փորձագետը: