Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին մասնակցել է Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Արցախի պետության ղեկավարի մամուլի ծառայությունից, իր խոսքում նախագահն ընդգծել է միության տեղն ու դերն Արցախի Հանրապետության պատմության մեջ՝ նշելով, որ կազմակերպությունը կարեւոր առաքելություն է իրականացնում մատաղ սերնդի հայեցի դաստիարակության ուղղությամբ, ակտիվորեն մասնակցում է հանրապետության հասարակական կյանքին, աջակցում զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը:
«Իր գործունեության բոլոր տարիների ընթացքում Ազատամարտիկների միությունն ակտիվորեն ներգրավված է եղել հարազատ ժողովրդի պաշտպանության գործընթացում: Երկրին սպառնացող ցանկացած վտանգի դեպքում ազատամարտիկներն անմիջապես մեկնում են ճակատ, կանգնում զինվորների կողքին՝ անտեսելով տարիքը, երբեմն էլ՝ առողջական խնդիրները», - նշել է նախագահ Սահակյանը, հավելելով, որ պետությունը կանի հնարավորը միությանը սատարելու եւ աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: